ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՍ

Նրանց, որոնք "Հայրենիքին գաղափարը ծալած, մեկ կողմ դրած են, ոչ կզգան իրենց անձին, իրենց ապագային հետ անոր սերտ առնչությունը, ոչ ալ անոր ինքնին ներկայացուցած ցավի և հույսի գեղեցկությունը կըմբռնեն":
Վահան Թեքեյան
Դուք, հայությունից պարպված հոգիներ,
Մոռացած լեզու, ոգի ու արմատ,
Ինչպե՞ս եք ապրում աշխարհում այս լերկ,
Ապրում անտեսիլք ու անարարատ:
Ավա՜ղ, թվում է ձեզ համառորեն,
Որ երջանիկ եք և իբր՝ հարուստ.
Մինչ դուք չգիտեք՝ ի՜նչ բախտ է վերուստ,
Երբ թոթովում է որդիդ հայերեն:
Չգիտեք, ի՞նչ է կարոտը հայի,
Տանջանքը անուշ, բերկրանքը ցավոտ.
Գեղեցկությունը անիմանալի
Զգացումների այս խառնաշփոթ:
Երբ չես էլ զգում ինչո՞ւ, որտեղի՞ց
Աչքդ շաղում են արցունքները տաք:
Խայտում է մեջդ սերը արարիչ,
ՈՒ երգ են դառնում խինդ ու տառապանք:
Ես խղճում եմ ձեզ, խղճում վերստին,
Որ զրկել եք ձեզ լույսից՝ ինքնակամ:
Որ կորցրել եք՝ չգտա'ծ անգամ
ՈՒ չգիտե՜ք էլ չափը կորստի...
1999թ.