ԴԵՄՔԵՐՆ ԻՄ ԱԶԳԻ

 Սրտումս են թաղված,
Գլխումս են թաղված
Խղճիս ծանրացած
Տանջամահ եղած
Ոսկորներն ազգիս
Տեր-Զորում սփռված
Սրտումս են թաղված
Դաշույնի նման
Սիրտս մխրճված
Քանդում, ավերում
Ամեն մի վայրկյան
Էությունս ողջ.
Ուրվական դարձած
Հանգիստ չեն տալիս
Թափառ մտքերիս
Այցի են գալիս
Ինձ ամեն գիշեր
Երբ մենակ եմ ես,
Ես ու իմ հուշերն
Իմ հյուրն են նրանք
Հյուրը թանկագին,
Նայե՛ք դուք ահա
Ա՛յ այս փոքրիկին
Բերնիվայր ընկած
Ջուր է աղերսում
Ձեռքերն ինձ պարզած
Ջուր են աղերսում
Պապակ շուրթերով,
Տարբեր դեմքերով,
Ահել ու ջահել,
Մանկիկներ սեւաչ
Կենդանանում են
Աչքերիս առաջ...
Ձայներն են նրանց
Հնչում ականջիս.
Լսում եմ անվերջ
Փրկության կանչեր
Ու մթության մեջ
Դեմքեր ու դեմքեր...
Դեմքերն իմ ազգի
Նման տեսիլքի
Գալիս են անցնում
Սիրտ են հոշոտում
Ու ամեն գիշեր,
Ու ամեն գիշեր,
Երբ մենակ եմ ես,
Ես ու իմ հուշեր
Թաղված իմ գլխում
Հանգիստ չեն տալիս
Թուրքի ձեռքերով
Տանջամահ եղած
Տեր-Զորում սփռված
Ոսկորներն ազգիս
Սուրբ մասունք դարձած
Ինձ հյուր են գալիս
Գալիս են անցնում
Ու կենդանանում,
Կենդանանում են
Աչքերիս առաջ
Դեմքերն իմ ազգի
Նման տեսիլքի
Գալիս են լափում
Մտքերս են լափում
Սիրտս են լափում
Լափում են ամբողջ
Էությունս ողջ...

2005, Բրյուսել