ՄԱՀՎԱՆ ՔԱՐԱՎԱՆՆԵՐԸ

 Դրախտ իմ երկիր, երկիր Նաիրյան
Անթիվ զավթիչներ դարեր շարունակ
Ասպատակում էին, որ քեզ տիրանան
Դարանակալ էր թուրքը խորամանկ
Գլխավորությամբ Աբդուլ Համիդի
Դարի դահիճները փաշա կոչեցյալ
Հրեշներն այս Թալեաթ, Էնվեր, Քեմալ...
Թող նրանք լինեն հավերժ նզովյալ.
Մշակեցին մի ծրագիր դաժան՝
Պոկել արմատից սերուցքն ազգի
Այս էր միակ փափագը թուրքի,
Որ տերը դառնա մեր լույս հողերի:
* * *
Թուրք ասկյարները կատաղած գազան,
Առաջն արած հանց ոչխարի հոտ,
Քշում էին ազգիս դեպ արաբական
Անապատներն այրող, ավազոտ...
Գնում էր մահվան քարավանը լուռ
Մահվան սարսուռն էր փչում նրանից,
Թուրք ասկյարներն անհաց ու անջուր,
Քշում էին ազգիս տնից ու տեղից
Քշում էր թուրքը, թուրքը ցեղասպան
Բարբարոս, նենգ ու թալանչի,
Թափում էր անմեղ արյունը մանկան,
Ջահել, ջիվան տղաների.
Մեկն՝ հարսնացու, մյուսը՝ փեսա,
Մեր ու մանուկ, ծեր ալեհեր,
Սոված, ծարավ ընկան ճամփա
Մորմոքում էր Մասիսը ծեր.
Ընկան ճամփա ողբ, լաց ու կոծ
Սոդոմ-Գոմոր էր երկրում Հայոց
Կոտորում էր թուրքն անխնա
Ու չէր հանում անգամ հոգոց:
Գնում էր քարավանը գիշեր ու զօր
Հոգու մեջ հույսեր փայփայում իզո~ւր
Նրանք միլիոն էին, եւ ոչ թե հազար
Մեկը՝ ռամիկ, մյուսը՝ հանճար...
Մայրն իր արյամբ սնում էր մանկան,
Որ ցամաք աչքով ավանդի հոգին
Կցնցվեր անգամ դահիճը դաժան
Թե ներկա լիներ այս ոճրի պահին...
* * *
Գնում էր դանդաղ քարավանը դեռ
Ճամփին թողնելով անթիվ դիակներ.
Իրիկնադեմ էր, երբ հասան Տեր-Զոր
Զուր էին արդեն փրկության հույսեր.
Քարավանն այստեղ արդեն կանգ առավ,
Հասել էին վերջին, վերջին կանգառին
Ու անապատն այս իր ծոցն առավ,
Գերեզման դարձավ իմ ամբողջ ազգին
Անապատում այս արաբական
Թուրք փաշաները հաղթանակ տարան,
Ծրագիրն իրենց ի կատար ածվեց՝
Տեր-Զորը հայի դիերով լցվեց:
Նրան անթի~վ էին, անթի~վ, անհամա~ր
Ու կոծկվեց Հայոց եղեռնը մեկ դար
Թուրքը լափեց արյունը հայի,
Վայրի գազաններն անապատների:
Մարտիրոսվեց ազգս դաժան
Թուրքի ձեռքով նենգ, ցեղասպան,
Աստված միայն հային փրկեց,
Մոխիրներից նորից հառնեց:
* * *
Աշխա՛րհ,
Դու պարտք ես, պարտք ես իմ ազգին
Դու մասնակից ես Հայոց եղեռնին
Երկդիմի ես, շահամոլ ու բիրտ
Հայոց եղեռն է ծանրացած խղճիդ
Հայի արյունով ձեռքերդ լվացել,
Բերանդ սրբել ու հետ ես քաշվել
Թուրքի կապերն ազատ արձակիր
Քո շահը հայի գլխի հետ փոխիր
Լռությանդ գինն այսօր հատուցիր,
Ու հին մեղքերից գոնե ազատվիր
Այսօր անմեղի դիմակ ես հագել
Հայկական հարցը փորձում ես կոծկել
Հիմարի դերում ես սակայն հայտնվել
Թուրքը ձեռքերը առաջ է պարզել,
Ու Եվրոպա է փորձում սողոսկել.
Հերթն արդեն քոնն է, դու լավ իմացիր
Դու հային նայիր ու քեզ օր դատիր.
Հայն ամոթն է արար աշխարհի
Ու մեծ ոսկորը թուրքի կոկորդի,
Թե ողջ աշխարհը քար դառնա, լռի,
Տեր-Զորն երբե՛ք, երբե՛ք չի ների
Իր խոսքն ունի այսօր ասելու,
Դիմակն աշխարհի դեն շպրտելու.
Ոսկորներն ահա լեզու են առել
Տեր-Զորից իրենց ձայնն են բարձրացրել
Պահանջում են արդար դատաստան
Պատռում են չադրան դաժան լռության...
* * *
Իսկ աշխարհը դիտում է դեռ
Լոկ Մասիսն է մորմոքում ծեր
Գեթ Աստծուն է ապավինում
Հայոց եղեռն ու աղոթում
Այդ օրից սեւ, սիրտն է սառել,
Ու գագաթը ձյունով ծածկվել
Աչքն է պահել պանդուխտ որդուն,
Թե երբ պիտի հեռվից գան տուն
Գուցե այնժամ ցնծությունից
Ձյունը քաշվի սեգ գագաթից
Վարդ-մանուշակ այնտեղ ծաղկի
Հենց կատարին Մասիս սարի
Սպասում է դեռ արդար դատի
Հայոց ողբի, Մեծ եղեռնի,
Որ գութ լցվի ծոցն աշխարհի
Հային քաղցր աչքով նայի
Նայի ինչպես հավասարի
Փափագն է այս ծեր Մասիսի,
Որ իր գլխից չալման հանի,
Հանի, հավետ դեն շպրտի
Ու իր վսեմ սեգ գագաթին
Եռագույնը լոկ ծածանվի...

4.01.2005, Բրյուսել