ԱՍՏՎԱԾ ԻՄ, ՆԵՐԻ՛Ր

 (Մեղայական)
Աստված իմ ներիր մեղքերս բոլոր
Ուզում եմ քավել ու խոստովանել
Քեզ, քեզ, որ բարձրյալ ես ու ամենազոր.
Մարդ արարածն ես որ դու արարել
Մարմին ու հոգի դու մեզ պարգեւել
Կառավարում ես տիեզերքը ողջ
Ժամն է, որ քավեմ մեղքերս ամբողջ
Թող որ գրավոր ես խոստովանեմ
Ու քո բարձրյալի ներումը հայցեմ
Ո՛չ եկեղեցու մի քահանայի,
Այլ քեզ արարիչ արար աշխարհի
Եղիր ինձ համար արդար դատավոր
Իրարից զատիր անմեղ-մեղավոր,
Թող որ հասնի քեզ խոսքս թեւավոր,-
- Գործել եմ ես մեղք, բայց ոչ ահավոր,
Եղել եմ շեղված, եղել եմ մոլոր
Զղջում եմ հիմա ամեն-ամեն օր.
Աշխարհում չկա մարդ առանց մեղքի
Թեկուզ ինչքա~ն էլ այն փոքր լինի
Անիծված է մարդն իր ծնված օրից
Դա եկել է դեռ Ադամ-Եվայից
Հանդուգն մտքիս համար ինձ ներիր
Ինձ արարեցիր ազնիվ ու բարի
Լինեի կատարյալ, ոչ այսքան թերի
Դրախտ-դժոխքից չտառապեի,
Հանդերձյալ կյանքի ահով չապրեի.
Ճիշտ է, փոքրիկ են մեղքերս, չնչին,
Բայց հանգիստ չունի իմ միտքն ու հոգին
Աղաչում եմ քեզ, բարձրյալ, ինձ ներիր
Քո զավակն եմ ես, հավատքիդ գերի
Ինձ, մեղավորիս, դու մի՛ պատժիր
Չդառնա հոգիս բաժին դժոխքի:

2004, Բրյուսել