ԱՇԽԱՐՀԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 (Երազ եւ մեկնաբանություն)
Էությունս համակ
Հանելուկային առեղծվածություն
Խոհերիս խոհը խարիսխ էր փնտրում
Կառչելու մարդու բանականության,
Հարցականների, անհայտ գոյացման
Զուտ տիեզերական,
Ոչ փիլիսոփայական
Այլ հաստատական
Պատասխաններն իմ մտայնության
Անվերջանալի որոնումներիս
Գեթ հագուրդ տվող,
Մշուշը ցրող փնտրտուքներիս՝
Բանալին եղավ երազն իմ ցնցող,
Որ մեկնաբանեց,
Ինքնին հաստատեց.
Անլուրջ է, բլեֆ, ջանում են իզուր
Իրենց գիտությամբ զուր ապացուցել,
Իբր կապկից է թե մարդը սերվել.
Այս անհեթեթ մտքերը մերժող՝
Իմ այս երազն եղավ հաստատող,
Որ մեր տերն է Արարիչ Աստված,
Ու միակ որդին՝ Հիսուսը խաչված.
Հենց ինքը՝ տերը, իր հայտնությունով
Կայծակի նման հատու շանթարկեց
Մտքիս շղթայված դռները բացեց
Եկավ հայտնելու լոկ իմ մտքերով,
Որ թելադրվում է մեր տիրոջ կամքով
Ձայնելու համայն, համայն մարդկության
Երազն իմ ահա՛ հրաշք տեսիլքով
* * *
Երազ տեսիլք
Սեգ Արարատի գագաթը ժայթքեց
Ու հրաբխից գետը կրակե
Իր ամբողջ թափով լանջն ի վար հոսեց.
Ինձ թվաց մի պահ, թե լավան ահա
Աշխարհն ամբողջ կուլ կտա հիմա.
Այդ պահին ամպը որոտաց ուժգին
Եվ Արարատի կրակ գագաթին
Հրաշք երկու մարդ իմ դեմ հառնեցին,
Մեկը նման էր իսկը հսկայի.
Գերբնական, ահեղ ու հեքիաթային,
Իսկ մյուսը՝ լույս էր երեսին
Ու զուտ երկնային.
Ես կանգնած էի հենց նրա կողքին.
Կամաց շշնջաց նա իմ ականջին,-
- Աստվածն է, գիտցե՛ք,
Շատ է բարկացած
Ա՛ռ այս մատնոցն
Ու դիր ափի մեջ,
Որ նա հանդարտվի,
Թե չէ աշխարհը քար ու քանդ կանի
Համբերությունն էլ իր չափն ունի:
Ինչ-որ ճերմակ նյութ մատնոցում լցված,
Հլու, հնազանդ ես այն դրեցի
Ափի մեջ տիրոջ, որ գութը շարժվի.
Հրաշք կատարվեց,
Տերը խաղաղվեց,
Այդ պահին հանկարծ
Լավան դադարեց
Անգամ երազում զգացի սարսուռ
Զորությունն Աստծո ու որդուն Հիսուս,
Որ հայտնություն եկան ինձ՝ երկրավորիս
Հայտնեմ աշխարհին, որ կրկին փրկեց
Հոգիները մեր, դա ապացուցեց
Հենց իմ երազում՝ մեր տերը խաչված
Բարկացած Աստծո զայրույթը մեղմեց:
* * *
Վերածնունդ
Անբնական դող մարմնովս անցավ,
Ո՛չ քուն, ո՛չ արթուն էությունս լցվեց
Անբեկանելի մի խոր հավատքով.
Ցնծում էր հոգիս նոր զգացումով,
Որ ես տեսել եմ իրեն՝ Արարչին,
Ու միակ որդուն՝ Հիսուս Քրիստոսին,
Շփվել նրանց հետ ոչ թե երազում,
Այլ հենց բնական, իրական կյանքում
Ու փառավորվեց, թնդաց իմ հոգին
Անձս վերստին վկա տեսիլքին
Խաղաղություն իջավ խոհերիս,
Հար հագուրդ տվեց փնտրտուքներիս,
Տերը փարատեց մտայնությունն իմ,
Եկավ ասելու՝ ոչ իմ մեջ ցնծամ,
Աշխարհին պատմեմ գրչիս զորությամբ.
Աստծո մեծության,
Լուռ համբերության,
Մեղքի գոյության,
Հոգու փրկության
Ու մեր էության
Մասին չլռեմ, որ ես բարբառեմ
Ի լուր աշխարհի ես բարձրաձայնեմ,
Որ Աստծո տված մարդ արարածի
Արյունն էր հոսում նման լավայի
Բիբլիական սարից հոսում էր անվերջ,
Մեր երկու տերն էլ արյան ծովի մեջ:
* * *
Մեկնաբանում
Հանդարտվիր դու, ով մարդ արարած,
Քանի բարի է Արարիչ Աստված
Հորդորում է մեր տերը խաչված
Թե չես ուզում, որ աշխարհը նորից,
Սկիզբ առնի կրկին, կրկին զրոյից,
Մի՛ հանիր Աստծուն համբերությունից,
Մի թափիր անմեղ արյունը մարդու
Գիտցի՛ր, աշխարհում հյուր ես միայն դու.
Երկինք ու երկինք,
Արեւ ու լուսին,
Շնչավոր, անշունչ,
Տիեզերքը ողջ
Ղեկավարվում է
Կամքով մեր տիրոջ.
Ամեն ինչ իրեն սկիզբն ունի ու վերջ,
Դու մի՛ խցկվիր Աստծո գործի մեջ
Որ կյանքն աշխարհում միշտ հարատեւի,
Ջրով, կրակով նա չծածկվի.
Թե չփրկեր մեզ Հիսուսը բարի
Կփակվեին դռները հավերժ դրախտի.
Ուշքի՛ եկ, խոնարհ ծառայիր Աստծուն
Ու միակ փրկիչ իր Հիսուս որդուն.
Ահա՛ խորհուրդն իմ այս երազի
Ամեն մարդ յուրովի թող մեկնաբանի:

30.05.2004, Բրյուսել