Քար ես դու,
աշխարհ,
Իսկը անկենդան,
Անշունչ ու անտաշ,
Անիմաստ, անմիտ
Ոտքի տակ ընկած
Քար ես դու, աշխարհ,
Իսկը մի կույր քար
Անտարբեր ու լուռ
Մարդ կոչեցյալի
Դաժան արարքի,
Ստի, նենգության
Քարեղեն վկան
Քար ես դու, աշխարհ.
Մա՛րդ, վաղուց ես դու
Դեմքդ կորցրել
Ճամփիցդ շեղվել
Հոգիդ ես ծախել
Չար սատանային
Ու դարձել գործիք
Դու նրա ձեռքին,
Նա քեզ քեզանից
Խլել ու տարել
Տեղը քարեղեն
Մի իր է դրել.
Դարձրել շահամոլ,
Լկտի, փառամոլ,
Անհագ մարդասպան.
Նա քեզ խաբել է
Ոսկով, արծաթով
Ու ադամանդով...
Եվ մարտի հանել,
Ու դավեր նյութել
Մա՛րդ քեզ արարող
Տիրոջ՝ Աստծո դեմ.
Անմոռանալի է
Ու աններելի
Դու մարդ երկդիմի,
Երբ մարգարեներն
Ավետեցին
Աստվածորդու գալուստն՝
Աշխարհին,
Նենգափոխվեցիր,
Մատնիչ Հուդայի
Ձեռքով ծախեցիր
Աստծո միածին,
Մի հատիկ որդուն,
Որ աշխարհ էր եկել
Հոգիդ փրկելու
Սատանի ճանկից,
Դու նրան փայտին
Խաչեցիր դաժան
Մա՛րդ, դարձել էիր
Կատաղած գազան
Մոռացած Աստծո
Ամեն պատվիրան.
Աշխարհը լուռ էր
Քարի էր նման.
Ների՛ր ինձ, ի՛մ տեր,
Չեմ կարող լռել
Մարդկային ցեղի
Կռապաշտության
Դավաճանության
Ու անասելի
Ոճրագործության
Այս պահը դաժան
Մա՛րդ,
Հենց այս արարքով
Ապացուցեցիր,
Որ չես ծառայում
Դու քո գոյությամբ
Քեզ արարողին,
Դու ծառայում ես
Հլու, հնազանդ
նենգ սատանային,
Այլապես ինչպե՞ս,
Մարդ արարածը
Որ արարել է
Մեր տեր Աստվածը
Այլակերպվեր այսչափ
Մտքով, էությամբ.
Դառնար քծնող
Դեւ, անառակ
Գծուծ մի էակ.
Մա՛րդ,
հեռացել ես
Շատ ես հեռացել
Գեթ մարդ կոչվելուց.
Ես չեմ վարանում
Ու չեմ երկմտում
Երբե՜ք ու երբե՜ք
Մարդկային դեմքով
Լոկ ուրվականդ է
Միայն մնացել,
Սատանան քո մեջ
Ոստայն է հյուսել
Հայտնվել ես դու
Նրա ծուղակում
Մտքով շղթայված
Տկար էությամբ,
Նա քո սրտի տեղ
Մի քար է դրել
Հոգով, մարմնով
Քեզ քար դարձրել
Աշխարհը լցրել
Քարի կույտերով
Ու Աստծո տված
Լուսեղեն հոգին
Դու ծախել ես
Մա՛րդ
Նենգ սատանային
* * *
Իմ Հիսուս խաչված,
Դու իմ հոգու տեր
Քո ամեն վերքիդ
Համար եմ տանջվում
Ներքուստ ամաչում,
Որ պատկանում եմ
Մարդկային ցեղին
Որ ծախել է իր
Խիղճն ու հոգին:
Դավաճանի սեւ
Խարանն է դաջվել
Հար ու հավիտյան
Մա՛րդ
Քո ճակատին:
* * *
Այդ օրից բազում
Դարեր են անցել
Սակայն աշխարհը
Նույնն է մնացել.
Փրկի՛ր, Արարիչ,
Փրկիր դու մարդուն
Այդ սատանան է
Նրան ուղղորդում
Աշխարհը լցրել
Մահվան սարսուռով
Այսօր ամեն ինչ
Չափվում է շահով,
Մարդը դահիճի
Կերպարանք առած
Մորթում է թալանում
Նա համատարած
Փրկի՛ր դու ի՛մ տեր
Փրկիր դու մարդուն
Քար սրտերի մեջ
Ներարկիր արյուն
Կենդանություն տուր
Մարմին ու հոգուն
Վերածնի՛ր Տեր
Աշխարհը կրկին,
Որ մարդը հաղթի
Անառակ չարին,
Որ մարդն հավատա
Քո գոյությանը,
Քո զորությանը
Առաջնորդի՛ր, Տեր
Հավիտենական կյանք,
Որ քո արարած
Մարդը մոլորված
Եդեմական դրախտի
Դռները բացի
Չդառնա Տեր իմ
Բաժին դժոխքի...