ԶԱՐԹՆԻ՛Ր, ՉԱՐԵՆՑ

 Զարթնի՛ր, Չարենց, դու անցյալ չես
Մեզ հետ ես դու անբաժան
Հնչեցրո՛ւ երգդ այսօր,
Խոսքերդ մարգարեական:
Ո՞ւր ես հիմա, հայոց պոետ,
Դու նաիրյան մեծ երգիչ,
Ազգիդ վիշտը հետդ տարար,
Ու հեռացար աշխարհից.
Հայոց մտքի լուսե աստղ
Դու միշտ ցոլա երկնքում,
Սեւով գրվեց ջահել կյանքդ
Քո կորուստն ենք միշտ սգում.
Խաչվեցիր դու ազգի համար
Գինդ նոր են իմանում
Նախանձ մարդիկ քեզ դավեցին
Այսօր անմեղ են ձեւանում
Դու էլ չունես քեզ գերեզման,
Համբարձվեցիր լուռ, անձայն
Ոչ ոք չեկավ քեզ օգնության
Առեղծվածն է շատ դաժան:
Այսօր ազգդ մորմոքում է
Մեծ է կորուստդ, Չարենց,
Երգդ շողն է արեգական
Լույսդ երբեք չխամրեց:
Հավաքական ուժն է ազգի
Գաղափարը քո անմեռ
Փրկությունն այս է հայի
Միակ ճանապարհը մեր.
Ողորմություն ումից հայցենք,
Որ պաշտպանի դավերից,
Մեր կռիվը պիտի կռվենք
Սա եկած է դարերից.
Սուրը եթե պատյան դնենք
Տանուլ կտանք մենք նորից
Միտքդ այս էր կիսատ մնաց
Երգդ պոկված լարերից:
Այսօր ես եմ երգդ երգում,
Երգս եմ խառնել քո երգին,
Վախենում եմ ես էլ մնամ
Կարոտ մեր լույս հողերին
Չարենց, ես էլ քո բոցերից
Ծոցս առած, կրակված,
Երգս պայքար, պահանջս արդար,
Ոխն է սրտումս ծվարված.
Հայոց վաղվա օրը մուժ է
Մասիս սարին ամպն է թառել,
Արդարության դուռը փակ է
Ղարսն է ճամփիդ աչքը պահել.
Հավաքական մտքերդ էլ վեհ
Այսօր կախված են օդից,
Մինչեւ օրս չենք ազատվել
Այդ ազգային բարդույթից,
Զարթնի՛ր, Չարենց, հնչեցրո՛ւ
Երգերդ հանց պատվիրան,
Որ արթնանա ազգի ոգին,
Քո խոսքերով մոգական:

2004, Բրյուսել