ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈՒՔԸ

Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գնում եմ,
Հին-հին դարուց հիշատակ
Ալյաց մեջը պտրում եմ:

Բայց նոքա միշտ հեղհեղուկ.
Պըղտոր ջըրով եզերքին
Դարիվ-դարիվ խըփելով,
Փախչում էին լալագին:

- Արա'քս, ինչո՞ւ ձկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չհասած`
Սըգավո՞ր ես ինձ նման:

- Խիզա՜խ, անմի'տ պատանի,
Նիրհըս ինչո՞ւ դարևոր
Վրդովում ես, նորոգում
Իմ ցավերը բյուրավոր:

Էլ չի խոսեց Արաքսը,
Հորձանք տվեց ահագին,
Օղակ-օղակ օձի պես
Առաջ սողաց մոլեգին: