ԱՐԻ ՄԵԿ ՏԵՍՆԵՄ

Իմ մայր Հայաստանի, մայր հողից ծնված,
Աննման գեղեցիկ, արի մեկ տեսնեմ,
Հայրենիքիս զով հովերով փայփայված,
Ծաղիկներից ծաղիկ, արի մեկ տեսնեմ.
Արի մեկ տեսնեմ, կարոտս առնեմ,
Համբույրս, անուշ յար, համբույրիդ խառնեմ:

Քո սիրուդ թևերով շատ սարեր անցա,
Շատ մարդ տեսա, սակայն քեզ չմոռացա,
Էլի ջերմ կարոտով քո գիրկը դարձա,
Աշխարհիս անուշիկ, արի մեկ տեսնեմ,
Արի մեկ տեսնեմ, կարոտս առնեմ,
Համբույրս, անուշ յար, համբույրիդ խառնեմ:

Աշխուժ հոգուս առջև սիրուններ պես-պես,
Հանդես եկան վառ դեմքերով հրակեզ,
Հոգուս աստղը կրկին դարձավ դեպի քեզ,
Լուսաշող հայ աղիկ, արի մեկ տեսնեմ.
Արի մեկ տեսնեմ, կարոտս առնեմ,
Համբույրս, անուշ յար, համբույրիդ խառնեմ: