ԻՄ ՅԱՐԸ ԳԱԼԻՍ Ա

Աղջի, լոր ես արտի մեջ,
Նազերով շորորա,
Ինձ գցել ես դարդի մեջ,
Յա՜ր, յա՜ր,
Երնեկ էն քո ջահելին,
Քեզնով բախտավոր ա:

Խնձորը թելով շարեմ,
Ասեղը թելիս ա,
Յարիս բլուզը կարեմ,
Յա՜ր, յա՜ր,
Յարիս խաբարն եմ առել,
Սիրտս ցնծալիս ա:

Ունքիդ վերև խալ ունես,
Խալիդ տակ կամար ա,
Ուսիդ բարակ շալ ունիս,
Յա՜ր, յա՜ր,
Ման եմ գալիս քո սիրով,
Սերդ ո՞ւմ համար ա:

Նունուֆար թեր ունի,
Ծաղիկը լալիս ա,
Սերս ջահել տեր ունի,
Յա՜ր, յա՜ր,
Յարիս խաբարը եկավ,
Իմ յարը գալիս ա:

Կայնել ես մեր դռանը,
Աչքդ սև խալիս ա,
Քեզ հարս չի տա իմ նանը,
Յա՜ր, յա՜ր,
Իմ յարը զուտ ոսկի ա,
Հրեն նա գալիս ա: