Տղա. -
Խեթ մի նայիր դու իմ սրտին, ա'յ անջիգյար, նազլու աղջիկ,
Արև տուր իմ սիրո արտին քո հայացքով պարզ ու վճիտ:
Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,
Հոգիս չունի քուն ու դադար:
Աղջիկ. -
Արտի տղա, սրտիս վրա էդ քո խոսքը կըմռմռա,
Բարի աչքով նայիր դու ինձ, քար մի գցի սըրտիս վըրա:
Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,
Հոգիս չունի քուն ու դադար:
Տղա. -
Հնձվոր եմ ես, հունձ եմ անում, վերից արևն է ինձ նայում,
Ներսից սիրտդ է հոգիս հանում, ա'յ անջիգյար, չես խնայում:
Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,
Հոգիս չունի քուն ու դադար:
Աղջիկ. -
Աղջիկ եմ ես, թել եմ մանում, հարվածային գործ եմ անում,
Հնձվոր, ծուռ բան մի' մտածի, հոգուդ հետ լոկ խաղ եմ անում:
Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,
Հոգիս չունի քուն ու դադար:
Տղա. -
Դե, ասա', որ նազ ես անում, ինձ քո ձերքին սազ ես անում,
Սիրտըս փըշրում, կոխոտում ես, հողին հավասար ես անում:
Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,
Հոգիս չունի քուն ու դադար:
Աղջիկ. -
Արտի տղա, մի' նեղանա, հեչ կատակի չե՞ս դիմանա.
Ես քո սրտին արև կըտամ, գեղում հալա մարդ չիմանա...
Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,
Հոգիս չունի քուն ու դադար: