ՀԻՄԱ Ո՞Վ Է ՁԵԶ ՀԱՄԲՈՒՐՈՒՄ

- Հիմա ո՞վ է ձեզ համբուրում,
Ծովասարիս ծաղիկներ,
Ի՞նչ որսկան է ձեզ ցած բերում,
Իմ Սիփանի եղնիկներ:

Վանա ծովիս կղզու վրա,
Ինչպես բիբը աչքի մեջ,
Կա՞ մեր տաճարն Ախթամարա,
ՈՒր կաղոթեր մայրս խեղճ:

Ո՞վ է խմում համբույրն հիմա
Ապարանջան աղբյուրիս,
Ախթամարա վանքիս վրա
Կա՞ բաց թողած աղավնիս...

Վանա ծովիս կղզու վրա...

Ո՞վ է նայում Վանա ծովիս,
Ափին Վանս, բույնս կա՞,
Ա՜խ, Սիփանա ծաղկահովիս
Գառներս կա՞ն, շունս կա՞:

Վանա ծովիս կղզու վրա...

Ո՞վ է ժողվում անտառներիս
Մեղրագազպե մանանան,
Փարախները թուխ գառներիս
Իրենց տեղը կմնա՞ն...

Վանա ծովիս կղզու վրա...

Հիմա ո՞վ է ձեզ համբուրում,
Ծովասարիս ծաղիկներ,
Ո՞Ւմ արցունքն եք դուք ինձ բերում,
Վանա ծովիս ամպիկներ:

Վանա ծովիս կղզու վրա...