ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ

Արի', իմ սոխա'կ, թո'ղ պարտեզ, մերին,
Տաղերով քո'ւն բեր տղիս աչերին.
Բայց նա լալիս է, դու, սոխա'կ, մի' գալ.
Իմ որդին չուզե տիրացու դառնալ:

Ե'կ, աբեղաձա'գ, թող արտ ու արոտ,
Օրորե' տղիս, քնի է կարոտ.
Բայց նա լալիս է, դու, ձագո'ւկ, մի' գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ:

Թո'ղ դու, տատրակիկ, քու ձագն ու բունը,
Վուվուով տղիս բեր անուշ քունը.
Բայց նա լալիս է, տատրակիկ, մի՜ գալ,
Իմ որդին չուզե սգաոր դառնալ:

Կաչաղա'կ ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զրուցով որդուս քունը բեր.
Բայց նա լալիս է, կաչաղակ, մի' գալ.
Իմ որդին չուզե սովդաքար դառնալ:

Թո'ղ որսդ, արի', քաջասի'րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե...
Բազեն որ եկավ` որդիս լռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ: