Սուրբ Հովհան Մանդակունի, Հովհաննես Ա Մանդակունի, հինգերորդ դարի եկեղեցական նշանավոր գործիչ և մատենագիր: Ծնվել է մոտավորապես 403 թ. Տուրուբերանի Արշամունիք գավառի Ծախնոտ գյուղում: Եղել է Մաշտոցի և Սահակի արժանավոր սաներից, բարձրագույն կրթություն ստացել հունական մշակույթի կենտրոններում՝ ձեռք բերելով հունարեն լեզվի և քրիստոնեական գրականության խոր իմացություն: 478 թ., յոթանասունհինգամյա հասակում, բարձրացել է հայոց հայրապետական գահին: Ոգեշնչողն է եղել և մասնակիցը Վահան Մամիկոնյան սպարապետի գլխավորած հայ երկրորդ ազատագրական պատերազմի: Խոսրովակերտի ճակատամարտում (482 թ.) ձիուց վայր է ընկել և վնասվածք ստացել: Շուրջ 12 տարի վարելով հայոց կաթողիկոսի պաշտոնը՝ զարկ է տվել եկեղեցաշինությանը: Նրա խորհրդով է Վահան Մամիկոնյանը վերաշինել Վաղարշապատի կաթուղիկեն: Վախճանվել է 490 թ. և թաղվել Շիրակի Բեռնոս գյուղում:
Մեծ է Մանդակունու ներդրումը հայ եկեղեցական մատենագրության մեջ: Նա կարգավորել է ժամագիրքը, Մաշտոց ժողովածուն հարստացրել բազմաթիվ օրհնություններով ու ծիսական կարգերով: Նրան են պատկանում Ժամագրքի մաս կազմող "Զարթուցեալքս ամենեքեան" քարոզը, "Զքէն գոհանամք" աղոթքը, Մաշտոց ծիսամատյանի մեջ մտած մկրտության, պսակ, խաչ, եկեղեցի, հիմնարկեքի, ավազան, սկիհ, մաղզմա, գիրք և պաշտամունքի հանդերձ, ժամահար, ինչպես նաև՝ սարկավագ, քահանա, եպիսկոպոս օրհնելու կարգերը: Հունարենից թարգմանել է Գրիգոր Նազիանզացու պատարագամատույցները, որոնցից մեկը (սխալմամբ վերագրված Աթանաս Աղեքսանդրացուն) 5-րդ դ. վերջին քառորդից սկսած մինչև 10-12-րդ դդ. հայ եկեղեցում համընդհանուր կիրառում ստացած պատարագն է եղել: Մատենագիտական հին ցանկերը Մանդակունուն համարում են բավական թվով շարականների հեղինակ: