ԿԱՐԱՎԱՆԸ

Հորիզոնեն կարավանը կփրթի,
Ու կսպասեմ։ Վետվետումներն ուղտերուն
Կգծագրվին ու կմեծնան, օրորուն
Կմոտենան, շողացնելով արծաթի
Սանձերն իրենց... Ու կսպասեմ։ Անջրդի
Անապատի ծարավ մըն է անանուն,
Զոր հոգվույս մեջ այդ քալողներն կը լընուն
Մինչ արևն ալ դաշտին հետևն կանհետի։
Եվ կլսեմ, վետվետող ծովը մութին,
Բոժոժներուն ղողանջը դաշն ու տրտում,
Մանուկներուն, կիներուն սիրտ ի խնդում
Ավետավոր ճիչերն ու երգ... բայց մթին
Կուլան աչքերս, երբ անոնց մեջ չեն ճանչնար
Ւնչ որ գնաց չդառնալու ալ համար...