Կարո՛տ զվարթ բաներու
Պատուհանեն վար դիտող՝ դուք կը տեսնեք սա տըղան...
Իր ըղձակաթ աչքերուն կարոտին տակ՝ ցընծագին
Խումբ մը ճուտեր բակին մեջ քարեգնդակ կը խաղան,
Մինչ կը տեղա վերեն վար, անձրևի պես, իր հոգին:
Ինքն ալ ըլլար անոնց պես, կայտա՜ռ, անհո՜գ, ճլվլո՜ւն,
Մոռնար փըլչիլն հավատքին, մոռնար մեռնիլն ամեն օր...
Չըբացվեին միտքին մեջ, աչքը ամեն գոցելուն,
Դառնածիծաղ ծաղիկներ՝ ժանտ բույրերով նորանոր:
Թռչուն մ' իբրև ետ կու գա մոռացըված սերը խաղի,
ՈՒ կը փնտռե կարոտով իր նախկին բույնը զվարթ...
Ըսե՛ք, կըրնա՞ գըտնել ան ճյուղ մը գոնե, ուր թառի:
Ձեռքն երեսին կը նայի թարթիչն ի վար միշտ անթարթ,
Կը հեռանա ինքն իրմե ու կը կախվի կարծես վար...
Մանչո՛ւկ, գընդակ գըլորող քու այդ հոգիդ իրն ըլլար:
Կը վերածվի նըվագի, կ'ըլլա լուտաս լուսեղեն,
Հետո զվարթ կը փախչի, երգի մը պես դողդոջուն:
Հեռու է ան քաղաքեն, հեռու՝ մարդոց ծափերեն...
Իր տաղերուն ունկընդիր ունի ժայռերը միայն,
Ժայռերն՝ հոգնա՜ծ ականջով, ժայռերը՝ որ կը նիրհեն,
Մինչ ալյակները երգին կը կարկաչեն սիրաձայն:
Գեթ սոսիի մ' ըստվերին մըտերմությունը բարի՝
Հըրապույրի հովերեն գար նըվաղումն օրորել...
Երգն իր երազ մ' է դժբախտ, որ քարերուն կը բախի:
Զով ու զեփյուռ համբույրով՝ աղբյուրն աղջիկ մ' է վայրի...
Զո՜ւր ասպետի մ' հըպումին կը ցանկա ծոցն իր փափուկ...
-Քերթված՝ անգին տառերով, զոր կը կարդամ ես ծածուկ:
Երջանկություն
Երջանկությո՜ւն, երազիս մերկամարմի՜ն գեղուհին...
Փըշրեցավ նա՛վն հոգիիս՝ քու հետքերուդ հետապինդ...
Խարակներու շեղբերեն շրթներս ահա՛ կարջունին,
Դեռ չըծըծած շրթներուդ մեղրաբաժակը հակինթ:
Փնտռեցի քեզ արևին՝ և ամպերուն մեջ մըթին,
Հոգիիս մեջ ու հոգույն՝ երկրի բոլո՜ր իրերուն:
Ամերնուրե՛ք, բոլորին հոգիին խորն ու սիրտին՝
Գըտա ես բո՛ցը միայն քու կարոտից հարաճուն:
Թե այցելու մըն ես դուն՝ մոլորակե մը օտար,
Փունջ մը լույսի՝ որ մութին մեջ կը բանա ծաղիկներ,
Հանդիպեի՜ր հոգիիս գեթ վայրկյանի մը համար:
Կարոտդ իմ մեջ անոթի սև թըռչուն մ' է գիշակեր,
Որ կը կըտցե անդադար... երջանկությո՛ւն, ո՜վ խորթ մայր,
Երանությունը կաթիդ ինծի ընդմի՛շտ զըլացար...:
Աղբյուրի մը ակունքնի
Երգի մը պես կը թափի ջուրը ժայռին կոկորդեն...
Վըճիտ մարմինն հեղանյութ կը զարնվի քարերուն: