ԿԱՐՈ՛Տ ԶՎԱՐԹ ԲԱՆԵՐՈՒ

Պատուհանեն վար դիտող՝ դուք կը տեսնեք սա տըղան...
Իր ըղձակաթ աչքերուն կարոտին տակ՝ ցընծագին
Խումբ մը ճուտեր բակին մեջ քարեգնդակ կը խաղան,
Մինչ կը տեղա վերեն վար, անձրևի պես, իր հոգին:
 
Ինքն ալ ըլլար անոնց պես, կայտա՜ռ, անհո՜գ, ճլվլո՜ւն,
Մոռնար փըլչիլն հավատքին, մոռնար մեռնիլն ամեն օր...
Չըբացվեին միտքին մեջ, աչքը ամեն գոցելուն,
Դառնածիծաղ ծաղիկներ՝ ժանտ բույրերով նորանոր:
 
Թռչուն մ' իբրև ետ կու գա մոռացըված սերը խաղի,
ՈՒ կը փնտռե կարոտով իր նախկին բույնը զվարթ...
Ըսե՛ք, կըրնա՞ գըտնել ան ճյուղ մը գոնե, ուր թառի:
 
Ձեռքն երեսին կը նայի թարթիչն ի վար միշտ անթարթ,
Կը հեռանա ինքն իրմե ու կը կախվի կարծես վար...
Մանչո՛ւկ, գընդակ գըլորող քու այդ հոգիդ իրն ըլլար: