ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Երջանկությո՜ւն, երազիս մերկամարմի՜ն գեղուհին...
Փըշրեցավ նա՛վն հոգիիս՝ քու հետքերուդ հետապինդ...
Խարակներու շեղբերեն շրթներս ահա՛ կարջունին,
Դեռ չըծըծած շրթներուդ մեղրաբաժակը հակինթ:
 
Փնտռեցի քեզ արևին՝ և ամպերուն մեջ մըթին,
Հոգիիս մեջ ու հոգույն՝ երկրի բոլո՜ր իրերուն:
Ամերնուրե՛ք, բոլորին հոգիին խորն ու սիրտին՝
Գըտա ես բո՛ցը միայն քու կարոտից հարաճուն:
 
Թե այցելու մըն ես դուն՝ մոլորակե մը օտար,
Փունջ մը լույսի՝ որ մութին մեջ կը բանա ծաղիկներ,
Հանդիպեի՜ր հոգիիս գեթ վայրկյանի մը համար:
 
Կարոտդ իմ մեջ անոթի սև թըռչուն մ' է գիշակեր,
Որ կը կըտցե անդադար... երջանկությո՛ւն, ո՜վ խորթ մայր,
Երանությունը կաթիդ ինծի ընդմի՛շտ զըլացար...:
 
 
Աղբյուրի մը ակունքնի
Երգի մը պես կը թափի ջուրը ժայռին կոկորդեն...
Վըճիտ մարմինն հեղանյութ կը զարնվի քարերուն: