ԱՌԱՋԻՆ ՍԵՐ

Քանի օր է քեզմե հեռու եմ նորեն ու շրթներուս վրա բույրը քու վերջին համբույրին,տե՛ս, կարոտի կարմիր կրակ է դարձեր:

Մեր անփոխարինելի այս սերեն ժամանակն ու մարդեր ոչինչ, ոչինչ կրցան նվազեցնել: Որքան ավելի մոտեն ճանչցա քեզ՝ երբեմնի թարմությունդ ու գրավչությունդ շեշտվեց անանձնականացա՜ն ավելի:
Քեզ որքան սիրեցի՝ ցանկացա այնքա՜ն ավելի: Ու դուն աղվորցար, բյուրապատիկ աղվորցար ամեն անգամ, որ քիչ մ’ավելի ունեցա, իմս ըրի քեզ:

Գիտնաս միայն, թե որքան անհրապույր են օրերս առանց քեզի ու ես մինակ՝ առանց քու ձայնին, ներկայության, երբ կանցնիմ բազմամարդ, հսկա քաղաքներու լուսազարդ օտար մայթերեն, ուր ոչ ոք, ոչ ոք ծանոթ է քեզի:

Տարբեր ես դուն իմ անցյալ բոլոր սերերեն, որոնք ապրեցան,իմաստավորեցին օրերս շրջան մը, բայց դառնացած հեռացան, մահացան ի վերջո՝ չդիմանալով զիրենք միայն իմս ընելու իմ միամաիտ մարմաջին:

Տարբե՜ր ես դուն, ու աննման է սերը մեր՝ որուն մասին կուզեմ հիմա, որ ամբողջ աշխարհը գիտնա: Քեզ որքան սիրեն ուրիշներ՝ ուրախ ու հպարտ կզգամ քեզմով, քու շնորհներովդ որքան բաշխվիս ամենուն,
այնքան ավելի կհարստնամ ես: Առանց քեզի, ըսե, ինչպե՞ս ապրիլ օտար սա ափերուն վրա, մոլորած ու տարագիր, իմ անդիմադրելի կարոտեն, տանջանքեն հալածաական:

***
Այս գիշեր մոռցված հին երգի մը փշրանքին հետ դարձեր ես տուն նորեն՝ զիս տանելու համար կրկին անցյալի երջանիկ, անփույթ օրերուն, երբ հանդիպեցա քեզի, ու դուն հայտնվեցար առաջին անգամ, հայկական համեստ ու փոքրիկ վարժարանի մը սեղաններուն առջև: Անծանոթներ չէինք իրարաու, բայց կերպարանքդ ու ձայնդ աներևակայելի ջերմություն մը, մտերմություն մը ունեին անշուք այդ հարկին տակ, ուր փլած պատերու վրայեն մեր սրբացած հերոսներուն փոշեծածկ, մագաղաթյա նայվածքները հայություն կծորեին վար՝ մեր մանկական աչքերուն, հոգիին: Սիրուն էիր ու սիրելի, էիր այնքան հրապուրիչ, որ մեր հանդիպման առաջին իսկ վայրկյանեն ես գալիք օրերս անբաժանալիորեն արդեն կապեր էի քեզի:

Ավելի ետք կյանքը շրջան մը բաժանեց իրարմե, ու օտարության մեջ քեզ իզուր փնտրեցի օրերով, ամիսներով, բայց մնացի հավատարիմ իմ ուխտին, ուր որ գացի, և ուրախության մեջ, թե ցավի՝ երգեցի քեզ, քեզ միայն, դուն դաշն մեղեդի ու անկորընչելի երազ, կիրակմուտի բազմախորհուրդ “ծիրանի լույս զվարթ”, վճիտ՝ ինչպես հասկերու ցողի կաթիլն է առտվան, ու շենշող՝ ճախրին նման գարնանային ծիծեռներուն լուսաթև:

Ամեն անգամ, որ քեզմե հեռու մնամ այսպես երկար ատեն, կսոսկամ՝ մտածելով, թե կրնաս օտարանալ հետզհետե, թե կրնանք օր մը ի վերջո ա՛լ դառնալ խորթ իրարու:

Երբ շուրջս ուրիշներ գինով են իրենց սերերով, իմ առանձնության մեջ ես ինչպե՞ս քեզ չկանչեմ կարոտով: Երբ սենյակիս մեջ ամեն իրի շրթունքին մտերմության ծարավն է, որ կայրի, քեզ ինչպ՞ս չհիշեմ ես: Երբ խոսիմ, ու մարդեր չհասկնան զիս, չհասկնան քեզ, ես ինչպե՞ս չդողամ քու մշկաբույր բառերուդ,քաղցրահունչ ձայնիդ վրա: Իսկ երբ պատմեմ քու անկրկնելի շնորհներեդ, ու մարդեր չուզեն հավատալ ինծի, ես ինչպե՞ս, ըսե՛, ինչպե՞ս չըմբոստանամ:

Քու ներկայությունդ բավական է, որ մոռնամ աշխարհը ամբողջ ու գովերգեմ քեզ միայն.

քեզ՝ որ սիրո սյուք ես ու կանաչ կարոտի. հառաչ ալևորի ու ճիչ մանկան.

քեզ՝ որ արևածագին հետ արտերուն վրա բացվող հորովել ես լուսաշաղախ ու դարավոր ծառ ծիրանի.

քեզ՝ նաիրյան բարդիներու իրիկնային հսկում արարատյան. մեղեդի կապույտ ու պայծառ երկինք բազմաստեղյան.

քեզ՝ իմ աննման, համբուրելի լեզո՜ւ մայրենի...

***
Քանի օր է քեզմե հեռու եմ նորեն, ու շրթներուս վրա բույրը քո վերջին համբույրին, տե՛ս, կարոտի կարմիր կրակ է դարձեր:

1968