ՏԱԼԵՐՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՀՈԳԻ ԳՆԵԼ...

Յոթանասունը անցած մարդ մըն էր.մինակ, միս-մինակ:
Վերը աստված՝ վարը ինք, ինչպես կըսեր: Ունեցած քանի մը ազգականները որևէ ձևով չէին փոխեր այս կացությունը:Ամերիկա գացած էր երկրեն ավելի քան հիսունհինգ տարի առաջ, դեռ հազիվ պատանի, և մնացած այնտեղ:
-Տղաս, գնա՛,գոնե դո՛ւն ազատե գազաններուն ձեռքեն,- ըսավ մայրս, ու արցունքը աչքերուն ճամփա դրավ զիս:Երեկ ըլլա կարծես:
Ամերիկա հասնելե վերջ իրմե առաջ եկած հայրենակիցներ գործ մը գտած էին իրեն համար գործարանի մը մեջ, ուր աշխատած էր քանի մը տարի,“շան պես, շաբաթական չորս տալերով”:
-Հիմա, անշուշտ, դժվար է հավատալ, բայց այդ չորս տալերին մեկ մասն ալ մեկ կողմ կդնեինք տուն ղրկելու համար:
Երկու-երեք տարի վերջ տարեց ազգականի մը օգնությամբ եկած էր նաև այրիացած մայրը ու մտած հարուստ տուն մը սպասարկության մեջ:
-Երբեմն, երբ գիշերը աշխտելու հերթը գար, մայրս ու ես քանի մը շաբաթ զիրար չէինք տեսներ գրեթե:Առտուն, երբ վերադառնայի գործարանեն, ինք մեկնած կըլլար, իսկ երեկոյան ես արդեն գործի կըլլայի, երբ ուժասպառ տուն վերադառնար ինք:
Մայր ու տղա ապրած էին այսպես տարիներով:Ապրելե ավել գոյություն պահած,քաշքշած:Ու հիմա, երբ պատկառելի,սպիտակ մազերով, քաղաքի շքեղագույն ճաշարաններուն մեկուն մեջ դիմացս նստած կպատմե այդ բոլորի մասին, լուռ դառնություն մը կա բառերուն մեջ, լեզվին տակ, հոգիին խորը:

-Կկարծեինք, թե արքայություն կուգանք փողոցներեն տալեր հավաքելու:Այդպես էր Ամերիկայի հմայքը այն օրերուն մեր երկրի մեջ:Սենթ մը շահելու համար թափվելիք ափով քրտինքին խոսքը ընող չկար սակայն, ոչ ոքի միտքեն կանցներ:Այո, շաբաթական չորս տալեր:

Կշարունակե տակավին պատմել, թե ինչպես ցերեկվան չարաչար աշխատանքեն վերջ, գիշերներն ալ հետևած էր դասընթացներուն, որպեսզի տեղական լեզուն սորվի և “մարդ ըլլա”:

-Ա՞ս է մարդ ըլլալու չափանիշը,-կըսե, դուրսը դռան առջև կանգնած ՔԱՏԻԼԱՔԸ ցույց տալով:Այսօր երբ հաշիվ մը կընեմ ես ինծի, կշիռքին երկու աչքերեն վնասուց կողմն է, որ ավելի ծանր կկշռե մյուսին նյութական բազմաթիվ բարիքներուն, ֆիզիկական հանգիստին,վայելքներուն դիմաց:

-Ձեր զավակները գոնե կրցա՞ծ են բան մը պահել ձեր հայությունեն:

-Զավակնե՞րը...:Ընտանիքի տեր անգամ չկրցանք ըլլալ, որովհետև այն քանի մը աղջիկները, որոնց հետ կրնայի ամուսնանալ ատենոք, օտար էին բոլորն ալ:Երկուքեն մեկը պետք պիտի ըլլար զոհել անպայման.- կա՛մ կինը, կա՛մ՝ հայությունս:Վերջինը հաղթական դուրս եկավ:Ինչո՞ւ, սակայն, զոհողություն պետք է ըլլա հայ մնալը, ազգություն պահելը, չեմ հասկնար:Գիտես, տարբեր էին մեր ժամանակները:

-Վստահաբար նույն այդ ոգիին կպարտիք նաև հայերեն այդքան մաքուր խոսիլը:

-Լույս իջնա մորս գերեզմանին վրա:Ողջ եղած տարիներուն տունը պզտիկ Հայաստան մըն էր:Երեկոյան գործեն վերադարձիս հայերեն քանի մը բառ փոխանակելն անգամ կբավեր զիս հոգեկան խաղաղությամբ մը լեցնելու:Պզտիկ քաղաքի մեջ կբնակեինք այն ատեն.մեզմե զատ ոչ մեկ հայ կար մեր շուրջը:

Հետո կմահանա մայրն ալ, ու ինքը մենակ կմնա առանձին, մինակ,միս-մինակ հայ մը՝ օտար այդ ափերուն վրա.- “վերը՝ աստված, վարը՝ ինք”:

-Երևակայե, ամիսներով հայերեն չէի խոսեր:Որո՞ւ հետ խոսեի:

Եվ օր մըն ալ գաղափարը կունենա շուն մը բերելու տուն:Փոքրիկ, հազիվ քանի մը ամսվան թոնթոշիկ շնիկ մը, որպեսզի տունին մեջ մեկը ունենա հետը հայերեն խոսելու:

-Կհավատա՞ս, եթե ըսեմ, թե քանի մը ամիսեն հայերեն սորվեցուցի անբան անասունին:Կպատասխաներ միայն հայերենով եղած կանչերուն:Ինչ ալ ըլլա, կենդանի ներկայություն մըն էր տունին մեջ:

Ու պարոն Թագվոր- “Սա “պարոնը” վերցուր առջևեն, աստվածդ սիրես” - ամեն իրիկուն սիրտը կբանա միակ ընկերոջը, կպատմեր իրենց երկրեն, մանկութենեն,կարոտներեն, հուսախաբություններեն ու չարչարված երազներեն:Ու շունը բազմոցին մեկ անկյունը պպզած՝ լուռ մտիկ կըներ զինք՝ շեշատակի աչքերուն նայելով:Թագվորին կթվեր նույնիսկ, թե բարի այդ անասունը կհուզվեր ալ երբեմն, երբ պատմած միջոցին կլցվեին աչքերը ու ձայնը կխեղդվեր կոկորդին մեջ:Այն ատեն աջ թաթը կերկարեր առաջ դեպի իրեն ու ցավակցական փայփայանքով մը օդը կհարվածեր քանի մը անգամ:

-Մորս մահեն ետք հետզհետե նվազեցան ատեն-ատեն հեռավոր ազգականներե հասնող նամակները:Անգամ մը պատահեցավ, որ ամբողջ տարի մը ոչ մեկ հայու հանդիպիմ, հայերեն ոչ մեկ տող ստանամ:Օր մըն ալ խելքս փչեց և ելա ես ինծի նամակ գրեցի:Տեսնելիք բան էր ուրախությունս, երբ զայն ստացա երկու օր վերջ:Հայերեն նամակ, երևակայե: Առջի տարի երբ գրոց-բրոց բարեկամի մը պատմեցի տարիներ առաջ ըրածս, ըսավ, թե մեծ ռուս գրող մը նման պատմություն մը ունի եղեր մարդու մը մասին, որ իր առանձնությունը փարատելու համար այսպես, ինծի պես, նամակներ կգրե ինքնզինքին:Մարդիկ կկարծեն, թե ասանկ խենթություններ պատմություններու, գրականության մեջ կպատահին միայն:Է՜, մարդուս սիրտը այրի նե, ինչե՜ր չըներ:Դուն տինճությանս մի նայիր, յոթանասուն կըլլամ կոր գալ տարի, եթե ողջ մնանք իհարկե:Շատ-շատ քանի մը տարի ալ, հետո ոտքերս պիտի տնկեմ, ելլեմ երթամ այս աշխարհեն:Ինչի՞ ծառայած պիտի ըլլա ամբողջ չարչարանքս, առանձնությունս, կարոտս:Վաստակած քանի մը հազար տալերներուս խե՛րն եմ անիծեր:

Արտաքին երևույթներեն դատելով, անհավատալի էր այսքան դառնություն գտնել մարդու մը մոտ, որ կվայելեր հանգստավետ կյանքի մը բոլոր բարիքները:

-Երկու երազ ունեի կյանքիս մեջ:Ձևով մը կյանքիս իմաստը կազմած էին անոնք տարիներ ի վեր:Առաջինը՝ քրոջս զավակին՝ Ռոճըրին, բարձրագույն ուսում տալն ու զինք հայ մեծցնելն էր:Երկրորդը՝ մեյ մը Հայաստանը տեսնել չմեռած:

Ռոճըրը հորը անակնկալ մահով որբ մնացած էր տասը տարեկանին:Անկե ի վեր քրոջը ու մեկ հատիկ զավկին նյութական ամբողջ բեռը Թագվոր վերցուցած էր ուսերուն:Երկու տարի առաջ, որպես բժիշկ վկայվելե վերջ,Ռոճըր ամուսնացած էր ՓՈԼՈՆԻԱԿԱՆ ծագումով աղջկան մը հետ և “կորսված”:

-Շունը ապերախտ դուրս եկավ:Սխալ չհասկնաս, Ռոճըրին մասին է խոսքս, ոչ թե շնիկիս:Ամբողջ ըրածս պարապի գնաց:Դուն ինծի մի նայիր, հիմա պայմանները տարբեր են մեր օրերեն: Հարցը այդ չէ սակայն:Սիրտիս դերդ եղողը իր ազգությունը, հայությունը ուրանալն է: Ես ամերիկացի եմ, կըսե, կելլե մեջեն:Նեղը դնելուս նե, շատ-շատ ետևեն - ՕՖ ԱՐՄԻՆՅԸՆ ՕՐԻՃԻՆ – մըն ալ կավելցնե, կարծես ըսելու համար, որ հայության հետ ունեցած իր կապը պատմական է պարզապես, կպատկանի հին ժամանակներու և ի զորու չէ այլևս: Դուն ըսե, եղա՞վ ասիկա:Երկու տարի է կապս ամբողջությամբ խզած եմ հետը:Քույրս ալ արդեն մեռավ ասկե տարի մը առաջ: Ալ ես ի՞նչ ընեմ տալերը: Տարիներով ըրած զոհողություններուս փոխարեն հարազատ քրոջս զավակի՛ն անգամ հայությունը չկրցա ապահովել: Չէ, տալերով կարելի չէ հոգին գնել, լավ գիտցեք ասիկա:

Կրած իր ամդարմանելի այս հուսախաբութենեն վերջ, Թագվոր կապրի հիմա իր երկրորդ և վերջին երազին համար միայն և անով.- Չմեռած Հայաստան այցելել անգամ մը, հայրենիքը տեսնել:

-Երթամ մեյ մը, որպեսզի հիսուն տարիներե ի վեր այրող սիրտս պաղշտկեցնեմ:Ազգականներ, նույնիսկ հարազատ զավակներ կրնան օր մը հուսախաբ ընել քեզ, բայց հայրենիքը՝ երբեք:Մեռնելե առաջ երթամ Արարատը տեսնեմ, հայկական երկինք, հայկական քաղաքներ ու հ ա յ ո ց պ ա տ մ ու թ յ ուն տ ե ս ն ե մ: Հայերեն խոսող պզտիկներ ու իրենց հայությունով հպարտացող երիտասարդություն տեսնեմ: Վերջապես, հայ քար ու հայ հող տեսնեմ ու այդ բոլորեն հագեցած կարոտով գոցեմ աչքերս:

Այո՛, ես այս բոլո՛րն է, որ կորսնցուցած եմ, իսկ շահած տալերներով մեկ հատիկ հոգի անգամ չեմ կրցած փրկել:

1971