ԻՆՉՈ՞Ւ ԱՅԼԱՄԵՐԺ ԵՔ ՀԱՅԵՐԴ

Ներկանայալի, զարգացած,վառվօուն աչքերով աղջիկ մըն էր:Հավաքույթին եկած էր ամուսինին հետ:Ներկաներուն մեջ միակ անծանոթ դեմքը ես էի իրեն համար:Բարեկամս, որուն ծննդյան տարեդարձն էր, որ կտոնեինք,ներկայացուց մեզ.
-Կրասան է,Արմենին աղջիկը:Այս մեկն ալ՝ ամուսինը:
Գոհունակ ժպիտ մը շիկնեցավ Կրասային պայծառ դեմքին վրա:
Հետո տվավ ի՛մ անունս:
- Օ՜, հայ մը ուրեմն.ձեր մասին շատ լսած եմ Արմենեն, ձեր տղոցմե,- եղավ Կրասային անմիջական անդրադարձը:
“Մեր տղաքը” Արևելքեն եկած տասնյակ մը այն ուսանողներն էին, որոնք տարիներ առաջ մասնավոր կարգադրությամբ մը այստեղ՝ Փորթուգալի մեջ, չորս տարի մասնագիտական պատրաստություն ստացան որպես մարմնակրթանքի ուսուցիչ՝ հետագային հայկական վարժարաններու մեջ պաշտոնավորելու համար:
Արմենը մեկն էր այդ տղոցմե, ու Կրասան տարիներով սիրած էր զինք “խենթի պես”, ինչպես կվկայեին ընկերները:Մյուս տղաքն ալ ունեցած էին իրենց կրասաները, բայց այս մեկը տարբեր էր իր շնորհներով, սիրո՛վ մանավանդ:
Այն ատեն հազիվ տասնըութ տարեկան, Կրասան ամբողջ էությամբ նվիրված էր Արմենին, բանաստեղծական հոգիով այդ տղուն, ինչպես կըսեր ինք, ու անսովոր պաշտամունքով մը սիրած ամեն բան, որ ուղղակի կամ հեռավոր կերպով կապ ուներ անոր հետ:
Կրասային մասին այն ատեն լսած էի Արմենեն, որ Փորթուգալը վերջնականապես ձգելեն քանի մը շաբաթ առաջ գիշեր մը եկավ իր հոգեկան տագնապին մասին պատմելու:Հավատարմությունը բաժնված էր երկուքի, կիսված՝ ծնողքին և սիրած աղջկան միջև:Անկարելի կգտներ դիրքորոշվիլ:Գրած էր ծնողքին, մանրամասնորեն ներկայացուցած Կրասան, պատմած իրենց սիրույն մասին ու խնդրած որ հավանություն տան կատարած ընտրության:Ուզած էր, որ իրենց կյանքերը միացած ըլլային հորն ու մորը օրհնությունով:
- Հայրս սակայն, չափահաս որբ ու կուսակցական մարդ, երկար նամակով մը պատասխանած է ու խիստ բառերով կսաստե զիս, իր “միակ մանչը”, նման կարելիություն մը նույնիսկ միտես անցուցած ըլլալուս համար:Ու կյանքի փորձառութենեն շահած իմաստության մը վավերականությունը հաստատող որպես վկաներ, նամակին կցած է նաև ՆԱԻՐԻ-ի երկու թիվեր, ուր կերևին ձեր “Հայու բեկորներ”-են երկուքին կյանքի դժբախտ պատմությունները:
Ոլորված թերթերը ձեռքին մեջ, Արմեն եկած էր կարծես մեղադրելու զիս՝ ծնողքին կողմե իրեն դեմ նյութված դավադրության անգիտակցաբար մասնակից եղած ըլլալուս համար:
Ավելի ուշ լսած էի ընկերներեն, թե մեկնումի նախօրյակին, հակառակ ջերմ սիրույն, Արմեն հայտնած էր Կրասային, թե անել սեր մըն է իրենցը, դատապարտված ի վերջո մեռնելու ժամանակին հետ, խաղաղ, բնական մահով մը:Փորձած էր բացատրել կացությունը ու խնդրած, որ հասկնա զինք, հավատա զգացումներուն անկեղծությանը:Ու մեկնած էր հաջորդ առավոտ, սիրտեն ավելի ականջ տալով տրամաբանության ձայնին:
Տասը տարի անցած էր հիմա այդ օրեն, ու Կրասան դիմացս կեցած էր փորթուգալացի ամուսինին հետ:Խելոք մանչուկ մը ասիկա, լուռ շուրջը կդիտեր առանց բան մը հասկընալու անցած-դարձածեն:
Մեր առաջին հանդիպումն էր, բայց Կրասան ու ես լավ կհասկնայինք զիրար, կճանչնայինք արդեն:Չէի կրնար որոշել սակայն,- պե՞տք է որևէ ակնարկություն ընել անցյալին, թե ավելի պատշաճ պիտի ըլլար պահը լեցնել ընդհանուր, անանձնական խոսակցությունով:Մտահոգությունը ավելորդ էր սակայն.շատ չանցած ի՛նք եղավ նախահարձակը և զարկավ ուղղակի ... ճակտես:

- Ինչո՞ւ այսքան այլամերժ եք հայերդ:

Օ՜, արդեն:Ձեռք անցուցած էր հայ մը – հազվագյուտ այս կողմերը – ան ալ Արմենին ծանոթ, և կուզեր սիրտը պարպել տասնամյա դառնութենեն:Ուրիշ ո՞վ պիտի հասկընար զինք:Առիթ չտվավ, որ ընդմիջեմ.

- Այլապես հոյակապ, ամեն տեսակ առաքինություններով օժտված ժողովուրդ, կյանքին դեմ բացվող, զայն ընկալող, հանկարծ կվերադառնաք ձեր պատյանին, կկծկվիք, երբ զգաք կամ ենթադրեք, թե երևելի կամ աներևույթ որևէ վտանգ կսպառնա ձեր ազգային ինքնության:

-Ատոր մեջ ի՞նչ կա դատապարտելի:

-Չեմ գիտեր՝ սերն է կարևոր, թե ազգությունը:Ես պատրաստ էի, եթե պետք ըլլար, ամեն զոհողություն հանձն առնելու և մեծագույն հաճույքով, միայն թե փրկվեր մեր սերը:Նյութականը ոչ մեկ նշանակություն ուներ ինծի համար:Ծնողքս ավելի դյուրավ հասկցան ու գնահատեցին կեցվածքս:Երբեք չհարցուցին ինծի, թե ընկերային ո՞ր խավեն կուգար Արմենը, նյութական ի՞նչ միջոցներ ուներ ընտանիք պահելու համար:Գիտեք, թե այդ բոլորը կարևոր են այստեղ:

Գիտեի, թե Կրասային հայրը հարգված և կարևոր դատավորներեն մեկն էր քաղաքին, նյութապես ապահովված և ընկերական ընտրանի շրջանակով մը:Չէին առարկած նույնիսկ Արմենի “համեստ մարզանքի ուսուցիչ մը” եղած ըլլալուն:“Կարևորը ձեր սիրելն է, աղջիկս,- ըսած էր հայրը,- մնացյալը երկրորդական է:Նախընտրելի է պատառ մը հացով սիրով ապրիլ, քան թե ճոխության մեջ՝ առանց սիրո”:

-Ձեզի՝ հայերուդ համար, սակայն, ազգությունն է կարևորը:Ոչ մեկ ատեն կասկածը ունեցած եմ Արմենին սիրույն և գիտեմ, թե իր միակ մտահոգությունը ծնողքն էին, որոնք ամեն նամակի մեջ կզգուշացնեին զինք, որ չըլլա թե “օտար ծուղակի” մը մեջ իյնա:Իրեն հանդեպ ունեցած սերս արտահայտելու համար ամեն քայլ առի:Սերտեցի հայոց պատմությունը:Գիտեմ, օրինակ, թե ինչ-ինչ թվականներ են Ապրիլ 24-ը, Նոյեմբեր 29-ը, թե ով են և ազգային ինչ արժեք կներկայացնեն Սուրբ ՄԵսրոպը, Վարդան Մամիկոնյանը, Կոմիտասը:Կարդացած եմ ինչ գիրք, որ կրցած եմ ձեռք ձգել հայ ժողովուրդին մասին:Բոլոր ազատ ժամերս կանցնեի հայ տղոց հետ: Իրենցմե մեկը կզգայի ինքզինքս այլևս:Այնքան շեն եք հայերդ, տարբեր ուրիշներե, մեզմե:“Նուբար-Նուբար”-ը գիտե՞ք:“Հովիվը սարում տխրեց”-ը:Հետո լրջորեն սկսա հայերեն սորվիլ, որպեսզի լեզուն, գլխավոր պատվարը Արմենին ծնողքին և իմ միջև, վերցված ըլլա:Չեղավ, չեղավ:Արմենի մեկնումի նախօրյակին, գիշեր ուշ ատեն եղանք նորեն միասին, վերջին անգամ մըն ալ:Խոսեցանք երկար:Փորձեց բացատրել, թե հակառակ սիրույն չէինք կրնար մեր կյանքերը կապել իրարու, որովհետև ինք հայ էր, իսկ ես հայ չէի:Դուք ըսեք, կարելի՞ է այս աստիճան այլամերժություն երևակայել:
Կրասային ամուսինը, ձանձրացած մեր խոսակցութենեն, միացած էր քիչ մը անդին պարողներուն:

-Նոր է որ ամուսնացա, անցյալ տարի:Ճիշտ է, սքանչելի տղա է Ֆերնանդոն, սիրով ենք, բայց Արմենին տեղը ուրիշ է սիրտիս մեջ, կյանքիս մեջ, նույնիսկ երբ մեր կապը այլևս կպատկանի անցյալին:
-Ըսել կուզես՝ զինք կսիրես տակավին:
-Կենթադրեմ, թեև սխալ մի հասկնաք, ուրիշ սեր մըն է ասիկա, որ չի միջամտեր ամուսնական կյանքիս:
-Խորքին մեջ Արմենն ավելի անցյալդ է, որ կսիրես հիմա, չե՞ս կարծեր,- կըսեմ, հարցը դուրսեն քննողի, վերլուծողի պաղարյունով:-Տասնըութ տարեկան աղջիկ այն օրերուն, առաջին կայծկլտումներուդ քաղցր տպավորությունն է, որ հիշողությանդ մեջ կդիմանա տակավին:Իսկ եթե պատահի, որ այսօր, տասը տարի վերջ, կրկին անգամ հանդիպելու ըլլաս Արմենին, անհավանական չէ, որ անդրադառնաս, թե երբեմնի տղան, որ իդեալականացուցած ես ու սիրած, իրականություն ըլլալե ավելի քու կողմե ստեղծված գոյություն մըն է պարզապես:Չե՞ն ըսած քեզի բնավ, թե երազին տիրանալը՝ երազը կսպաննե հաճախ:

-Չեմ գիտեր, կրնան ճիշտ ըլլալ ձեր ըսածները, բայց ինծի համար ասոնք չեն էականը:Եթե Արմեն զիս մերժեր սիրած չըլլալուն համար, պիտի ցավեի անկասկած, վիրավորվեի ծանրորեն:Ետև ձգած զգացումը,սակայն, այսօր դառնություն մըն ալ ունի իր մեջ:Երևակայե, սիրելով հանդերձ մերժե զիս,այրե, ուրանա ամեն բան.ինչո՞ւ, որովհետև հայ չեմ եղեր:Գիտնաս միայն, թե այն օրերուն որքան զղջացած եմ – կարծես ձեռքս ըլլար – անիծած բախտս՝ հայ չըլլալուս համար:

Պահ մը առաջվան ժպիտը անհետացած է դեմքին վրայեն, ու խոնավ աչքերուն տրտմությունը ներքին վրդովում մըն է, որ կմատնե:Ի՞նչ լավ է, որ ամուսինը անդին կպարե և ականատես չէ այս փոթորկումին, կըսեմ ես ինծի:Կրասան լուռ է:Կարծես կսպասե, որ մինչև հիմա ըսածները նախ հասնին տեղը, որպեսզի շարունակե դարձյալ:
-Տարօրինակ եք հայերդ, ուրի՛շ հոգի ունիք, քիչ մը խենթ, ռոմանտիկ.երգը, երաժշտությունը, պարը, գեղեցիկը, կյանքը սիրող:Բայց այս ամենուն հայկակա՛նն է լավ.երգին ալ, ռոմանտիզմին ալ,երաժշտությանն ալ, հայրենիքի՛ն ալ:Ինչո՞ւ Արմենը պիտի չկարենար սիրել առանց իր հայությունը զոհելու, մանավանդ, երբ ես պատրաստ էի զիջելու իմ փորթուգալացիի և՛ անցյալս, և՛ ներկաս: “Չըլլար,-ըսավ,- չես հասկնար դուն, սիրով չի վերջանար ամեն բան, ուրիշ ավելի խորունկ հոսանքներ կան մեր մեջ:Անցյալ մը ունին մեր կյանքերը, դարերու անցյալ մը, արյունի ձայն մը, որմե պետք չէ, չե՛նք կրնար հրաժարիլ ոչ դուն և ոչ ալ ես, որքան ալ զորավոր ըլլա մյուսը, մեզ իրարու կապող սիրո հոսանքը”:

Կրասան բնավ չպարեց այդ գիշեր:Մնաց կողքիս նստած ու խոսեցավ առանց դադարի՝ նույն հաճախանքեն տարված:Տեղեկություններ ուզեց Արմենին և մյու տղոց մասին:Հետաքրքրվեցավ հայերեն նոր երգերով:
- “Կռունկ”-ին երգապնակը կա՞:
Խոստացա բերել տալ իրեն համար:Ուրախացավ մանուկի մը պես:Հավաքույթին մեջ չըլլար կարծես.փոխադրված էր տասը տարի ետ ու վերածված տասնըութ տարեկան սիրահար, բարի աղջկան:
-Գիտե՞ս, նույնիսկ Արմենին տուն վերադառնալեն ետք տարի մը ամբողջ շարունակեցի հայերեն դասերս, նախ՝ որովհետև գիտեի, թե Արմենը հեռու տեղ մը կխոսեր այդ լեզվով և ապա՝ կհուսայի, թե հայերեն սորվիլս ի վերջո ընդունելի պիտի դարձներ զիս ծնողքին, պիտի հալեցներ սառը իրենց սիրտերուն:
-Կրցա՞ր գոնե բան մը սորվիլ:
-Իհարկե.սկսած էի գրել-կարդալ:Կրնայի հետևիլ պարզ խոսակցության մը:
-Չեմ կարծեր, որ սորվածեդ շատ բան մնացած ըլլա միտքդ անցնող սա տասը տարիներու ընթացքին:Տառերը կհիշե՞ս:Հայերեն բառ մը գրե տեսնեմ, ուրախանամ,-կըսեմ, գրպանես թուղթի կտոր մը երկարելով իրեն:
Կվերցնե գրիչը և առանց տատամսելու, նախակրթարանի առաջին դասարանի աշակերտի մը անվարժ գիրերով, հատիկ-հատիկ կշարե իրարու քով.- Ա-ր-մ-ե-ն:
-Սքանչելի,-կըսեմ շեշտով մը, որուն մեջ չարաճճի գնահատանք մըն ալ կա գրած բառին, անունին ընտրության համար ու կավելցնեմ կես կատակով,- շատ հավանաբար միակ հայերեն բառն է ասիկա, որ սորված ես գրել:
-Ո՛չ,-կըսե, կարծես վշտացած,- եթե կուզես՝ շարունակեմ:-Ու առանց պատասխանին սպասելու “Արմեն”-ին քով կավելացնե նաև. - Հ-ո-գ-ի-ս:
Թերահավատությունս սկսած է տեղի տալ:Ինք կերթա ավելի առաջ ու կկազմե նախադասություն մը, որ ամբողջացվելե վերջ պարզ և որոշ բառերով կըսե այն, ինչ որ անգիտակցաբար կփորձեր ապացուցել ժամե մը ի վեր.

-Արմեն, հոգիս, դեռ միայն քեզ կսիրեմ:

Առաջին անգամ ըլլալով կընահանջեմ ազգային դիրքերես ու կանցնիմ ... սիրո՛ կողմը:

1971