Գուցե ցրտից կամ մութից,
Գուցե քամու խուտուտից
Ցնցվեց դեզը, արթնացավ,
Տնտղեց իրեն, զարմացավ.
- Արդեն մութ է ու գիշեր,
Այս ովքե՞ր են ինձ հիշել:
- Ես՝ մոլորված մի բզեզ,
Մի բարկանա բարի դեզ:
- Ես՝ մի վախկոտ նապաստակ,
Թույլ տուր մնամ փեշիդ տակ:
- Եվ ե՛ս, - ասաց մի արտույտ:
- Եվ ե՛ս, - ասաց մի լորտու
- Եվ ե՛ս, - ասաց մի ճնճղուկ:
- Եվ ե՛ս, - ասաց մի խեղճ մուկ:
- Եվ ե՛ս... Եվ ե՛ս... ձայնեցի՜ն,
Աշխուժացա՜ն, շարժվեցի՜ն...
Մեկ էլ դեզը քրքջաց,
Շտկեց մեջքը իր իջած.
- Դե սու՛ս արեք,
Տա՛պ արեք,
Բերաններիդ փա՛կ արեք,
Քնեք հանգիստ մինչև լույս,
Լույսը բացվի՝ կորե՜ք դուրս: