ԴԱՐՈՒՆ ԵՐԳԸ

Ինչ գեղեցիկ է ծնիլ ամենուն հետ
Փոքր ինչ շշուկ բերել միատեղ
Երգել ամենուն հետ
Մեռնիլ ամենուն հետ
Մոռցվիլ ամենուն հետ

Բացեք ձեր պատուհանը դարուն երգերուն
Բացեք ձեր դռները այս դարն երգողներին
Անոնք ձեր մտերիմներն են
Դուք եք անոնք

Վաղն այս ճամփեն անցնողները մեր ոտքին հետքերը
պիտի տեսնեն գետնին վրա
Մենք անոնց պիտի ժպտինք մեր ոտքերուն հետքերով
Քանի անցորդները շատանան
Մեր ժպիտը պիտի անհետի նոր ոտքի հետքերու տակ
Փառք անոնց որ այս ճամփեն պիտի անցնին
Մեր հիշատակը թող զոհվի անոնց
Որովհետև գեղեցիկ է ծնիլ ամենուն հետ
Փոքր ինչ շշուկ բերել միատեղ
Երգել ամենուն հետ
Մոռցվիլ ամենուն հետ -- ամենուն պես