ՊԻՏԻ ԳԱ՞ ԱՐԴՅՈՔ

Ոչ տեր լիներ և ոչ ծառա աշխարհում,
Այսպես երջանիկ օր պիտի գա՞ արդյոք.
Բոլոր մարդիկ կանգնած մեկ ճանապարհում
Այն սուրբ հոգին հզոր պիտի գա՞ արդյոք։

Բոլոր մարդիկ սիրեն եղբոր պես իրար,
Մեծը փոքրին շահե, անկեղծ, հայրաբար,
Լեռ, բլուր, դաշտ ու ձոր դառնան հավասար,
Հարթող գութան, արոր պիտի գա՞ արդյոք:

Ջիվանի, ոչ մի տեղ չըլինի կռիվ,
Ուղիղ սրտով պահեն մեկմեկու պատիվ.
Աշխարհի մեջ լինի մեկ հոտ, մեկ հովիվ,
Փրկիչը միամոր պիտի գա՞ արդյոք: