“ՍԱՄՈՒԷԼ”

Պատմական Վէպ (364-400).
1888

( հատուածներ )

Ա . Ի Ր Ք

1. Երկու սուրհանդակները
2. Տարօնի առաւօտը
3. ուժկան
4. Մի աղօտ միտք ծագում է նրա մէջ
5. Մայր եւ որդի

1. ԵՐԿՈՒ ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐԸ 

Լուսնի եղջիւրը ծածկուեցաւ Քարքէ լերան ետեւում եւ Տարօնը ընկղմուեցաւ գիշերային խաւարի մէջ: Ոչ մի աստղ այդ գիշեր չէր երեւում: Երկինքը պատած էր մոխրագոյն ամպերով, որոնք մեղմ հոսանքով լողում էին դէպի Կրկուռ եւ Նէմրութ լեռների կողմերը եւ, այնտեղ կուտակուելով, թանձրանալով, միգային-սեւ կերպարանք էին ստանում: Այդ կողմից երբեմն փայլատակում էր կայծակը եւ լսելի էր լինում որոտման խուլ դղրդիւն, որ գուշակում էր յորդ անձրեւ:

    իշերային այդ տագնապալի պահուն երկու ձիաւորներ անցնում էին Մուշի դաշտով: Նրանք գալիս էին հեռուից, շատ հեռուից: Մի ամիս առաջ դուրս եկան Տիզբոնի (1) երկաթեայ քաղաքադռնից, անցան Խուժիստանի անապատները, անցան արեւակէզ Ասորեստանը, անցան հայկական Միջագետքը եւ մի օր առաջ ոտք դրեցին Մուշի դաշտի վրայ: Դրանք երկու սուրհանդակներ էին:

    Երկու սուրհանդակներից մէկի ձին սեւագոյն էր, միւսը կապուտակ: Կապուտակ ձիաւորը առաջինի ուղեւորութեան մասին տեղեկութիւն ունէր, ամենայն զգուշութեամբ հետեւում էր նրան եւ երբէք իր նկատողութիւնից բաց չէր թողնում: Իսկ առաջինը չգիտէր, որ իրեն հետեւում են: Այդ էր պատճառը, որ նրանք, երկու մոլորակների նման, թէեւ գնում էին մի եւ նոյն ուղղութեամբ, բայց այնպիսի զուգահեռական գծերով, որ բնաւ միմեանց չէին հանդիպում: Երկուսն էլ ճանաչում էին միմեանց:

    Նրանք արդէն հասել էին Արածանիի ափերին:

    Կապուտակ ձիաւորը այստեղ կանգ առեց: Նա նայեց դէպի երկինքը, նայեց դէպի իր շուրջը: Կամենում էր գիտենալ, թէ ո՛րքան ժամանակ էր մնացել, մինչեւ լոյսի բացուիլը: Ոչ մի աստղ ցոյց չտուեց նրան գիշերային ժամը: Ամէն ինչ խորասուզուած էր անվերծանելի մթութեան մէջ:

    Բայց պէտք էր շտապել...

    Երկու մտածութիւններ մի քանի րոպէ պահեցին նրան անվճռականութեան մէջ. գետո՞վ անցնել, թէ կամուրջով գնալ: Կամուրջով - դա շատ հեռու կը տանէր եւ գուցէ կը հանդիպէր նրան... եւ գուցէ կը բռնուէր կամուրջի գիշերային պահակներից...: Վճռեց անցնել գետով:

    Հեզ եւ արծաթափայլ Արածանին գարնանային հեղեղներից կատաղել էր եւ պղտոր յորձանքներով ծածկել էր իր ափերը: Բայց մեր ուղեւորը ծանօթ էր նրա ծանծաղուտների հետ: Նա ցած իջաւ ձիուց, ձեռքով փայփայեց իր կապուտակի գեղեցիկ բաշը, փոքրիկ գլուխը, ասելով. “Դու քաջութեամբ կտրեցիր Տիգրիսի ահռելի ալիքները, այժմ հայրենի երկրի Արածանին ինչո՞ւ պէտք է վախեցնէ քեզ”: Նա ձիու սանձը հանեց բերանից, որ լողալու միջոցին ազատ շունչ առնէ, նստեց եւ, երեսը խաչակնքելով, քշեց դէպի գետը:

    ետը, մի ահարկու վիշապի նման, գոռում էր, գոչում էր: իշերային մթութեան մէջ՝ նրա պղտոր հոսանքը աւելի մռայլ կերպարանք էր ստացել: Ձին, ամբողջ մարմնով խորասուզուած ջրի մէջ, միայն գլուխը վեր բարձրացած, մռնչելով եւ փռնգալով, պատերազմում էր ալիքների հետ: Նրա ոտները յատակին չէին դիպչում, անցնում էր լողալով: Ձիաւորը, սանձի փոխարէն բռնած ունէր նրա բաշից, եւ ձեռքով ուղղութիւն էր տալիս ընթացքին: Մի քանի պտոյտների մէջ՝ թէ՛ ձին, եւ թէ՛ ձիաւորը սկեցին ջրի տակ: Կրկին դուրս յայտնուեցան: Երբեմն անցնում էին նրանց մօտով ծառի կոճղներ, գերանի կտորներ, որ ծփալով տարուում էին կոհակների հետ: Ձիաւորը շտապում էր խոյս տալ դրանցից: Բայց ահա՛ հեռուից մի ինչ - որ որոտում էր: Տագնապը մօտենում էր: Ձիաւորը չկորցրեց իր սառնասրտութիւնը եւ խորին ուշադրութեամբ նայեց դէպի այն կողմը: Մի մթին, անորոշ կոյտ լողում էր ջրի երեսին: Որքան մերձենում էր, այնքան աճում էր նա, այնքան սոսկալի ձեւ էր ստանում: Կարծես, մի ամբողջ բլուր դանդաղ ընթացքով շրջում էր գետի վրայ: Մերթ անյայտանում էր նա, մերթ երեւան էր գալիս, աւելի ահարկու կերպարանքով: Ձիաւորը հասկացաւ նրա ի՛նչ լինելը: Նա մի ակնթարթում ձիու թամբից սողաց դէպի գաւակը, որ նրա բեռը թեթեւացնէ: Բռնեց ագիից, սկսեց շտապեցնել նրան: Օրհասական ժամը մօտենում էր, քանի որ թանձր, այլանդակ հրէշի նման մօտենում էր մթին կոյտը: Նրա որոտը խլացնում էր ամէն ձայն: Պէտք էր փախչել նրանից, եթէ ոչ, մի թեթեւ տաշեղի նման իր հետ կը տանէր թէ՛ ձիուն, թէ՛ ձիաւորին: Ձին անգամ զգաց մօտալուտ վտանգը եւ կրկնապատկեց իր ուժերը: Անհնարին արագութեամբ կտրում էր նա կոհակները: Հրէշը անցաւ: Դա ուրիշ բան չէր, եթէ ոչ մերձակայ անտառների մի մասը, որ հեղեղը արմատախիլ անելով, իր պտոյտների մէջ կծկել էր, գալարել էր, եւ մի այնպիսի այլանդակ գունդի ձեւ էր տուել:

    Ձիաւորը կրկին անգամ գոհութեամբ երեսը խաչակնքեց, երբ ոտք դրեց ցամաքի վրայ:

    Նա իր հագուստը քամեց, ցամաքացրեց, յետոյ սանձը դրեց ձիու բերանը, եւ շարունակեց ճանապարհը, ինքը գնալով ոտով, իսկ ձիուն իր ետեւից քարշ տալով, որ փոքր ինչ հանգստանայ: Բայց ձին դժուարութեամբ էր հետեւում նրան: Որքան նա ջրի մէջ արագընթաց էր, այնքան ցամաքի վրայ դանդաղկոտ դարձաւ: Տէրը վերաբերում էր այդ նրա յոգնածութեանը:

    ետեզերքից բաւական հեռանալով, այժմ մօտեցաւ նա Քարքէ լերան բարձրաւանդակներին: Ճանապարհը զառիվեր էր, ոլորուում էր սարերի լանջաց վրայով, իջնում էր խորին ձորերի, փապարների մէջ, եւ դարձեալ բարձրանում էր բլուրների վրայ: Նա ծանօթ էր այդ անտառապատ լեռների հետ, գիտէր նրանց դժուարին անցքերն ու շաւիղները, երեխայութիւնից սնուել ու մեծացել էր այդ խոնաւ ծմակների մթութեան մէջ, ուր ցերեկի լոյսը երբէք չէր թափանցում: Նա ապառաժների ու անտառների որդի էր:

    Կայծակը շանթեց մօթակայ ծառերի կատարներին եւ մերձակայքը լուսաւորուեցաւ բաց-վարդագոյն փայլով: Որոտի ձայնը ահեղ դղրդիւնով տարածուեցաւ, մթին ձորերի մէջ: Ուղեւորը նայեց դէպի ամպամած երկինքը եւ շտապեցրեց իր քայլերը: Նա չվախեցաւ գետից, բայց վախենում էր փոթորիկից: Փոթորիկը մեծ արհաւիրք է գործում այդ կուսական անտառների մէջ, մանաւանդ գիշերային պահուն: Ժայռերի բարձրութիւնից խլում է նա ողողուած, մերկարմատ ծառերը եւ նետում է ճանապարհի վրայ: Ծառերի հետ փուլ են գալիս եւ քարերի ահագին բեկորներ: Ամէն մի ճանապարհորդ կ'անհետանար այդ փլատակների տակ, եթէ դժբախտութիւն ունենար հանդիպելու:

    Կրկին լսելի եղաւ որոտման ահեղ դղրդիւնը եւ նրա հետ անձրեւի խոշոր կաթիլները սկսեցին մաղուել երկնքից: Քամին մռնչում էր եւ անձրեւային տարափը, կարկուտի գնդակների նման, զարկում էր նրա բորբոքուած երեսին: Բայց նա ոչինչ չէր զգում: Նրա միտքը, նրա զգացմունքները լարուած էին դէպի մի նպատակ, որ կլանել էր նրա ամբողջ գոյութիւնը, որ ամենայն եռանդով առաջ էր մղում նրան, որպէս մի մարմնացած փութաջանութիւն: Նա շտապում էր մի քանի ժամ առաջ տեղ հասնել, քան կը հասնէր սեւ ձիաւորը:

    Բայց ձին դժուարութեամբ էր հետեւում նրան: Այժմ միայն նկատեց, որ ետեւի ոտքից կաղում էր նա: Անշուշտ գետի հոսանքի հետ տարուող կոճղներից մէկը դիպչելով, վնասել էր նրան: Այդ դէպքը սաստիկ վրդովեցրեց անվեհեր ուղեւորին: Նա շտապում էր: Իսկ այժմ զրկուեցաւ իր սրընթաց երիվարից: Ի՞նչ պէտք էր անել: Թողնե՞լ նրան եւ այնպէս ոտքով շարունակել ճանապարհը: Բայց ի՞նչպէս թողնել այն սիրելի նժոյգին, որը այնքան տարիներ թէ՛ պատերազմի դաշտում, թէ՛ իր ճանապարհորդութիւնների ժամանակ, լաւ ընկեր էր եղել նրա հետ: Մի քանի րոպէ մնաց նա մտածութեան մէջ: Յետոյ թողեց մեծ ճանապարհը, բռնեց մի շաւիղ, որ տանում էր դէպի Աշտիշատի վանքը:

    Վանքը շատ հեռու չէր այնտեղից. մէկ ժամից յետոյ հասաւ նա: Դարեւոր, նուիրական ծառաստանի խորքում, վաղեմի սրբազան բարձրութիւնների վրայ, հանգչում էր Տարօնի այդ հին սրբավայրը, իր վսեմ, մեծափառ վեհութեան մէջ: Պատսպարուած բարձր շրջապարիսպներով եւ բրգաձեւ աշտարակներով գիշերային մթութեան մէջ, ներկայանում էր նա, որպէս մի անմատչելի ամրոց: Կատաղի մրրիկը, քամու մռնչիւնը, անձրեւի տարափը չէր վրդովեցնում նրա խաղաղ բարեպաշտական նիրհը:

    Շրջապարիսպներից դուրս, մի առանձին շինուածքի նեղ լուսամուտից լոյս էր երեւում: Ուղեւորը դիմեց դէպի այն կողմը, մօտեցաւ փակ դռներին: Այստեղ, դրան մի կողմում, փայտեայ սիւնից քարշ էր ընկած մի տախտակ, իսկ սիւնի պատուանդանի մօտ դրած էր նոյնպէս փայտեայ փոքրիկ օթակ: Ուղեւորը վերառեց օթակը, երեք անգամ զարկեց տախտակի վրայ: Կոչնակի ձայնից լուսամուտը բացուեցաւ, մէկը ներսից քնաթաթախ գլուխը դուրս մեկնեց եւ վերեւից հարցրեց.

- Ո՞վ ես :

- Ճանապարհորդ եմ, - եղաւ պատասխանը:

    Վանքի պարիսպներից դուրս, այդ շինուածքը տարաժամ ճանապարհորդների, օտարականների եւ պանդուխտների օթեւան էր: Դռնապանը բաւականացաւ ուղեւորի պատասխանով, բացարեց դռները եւ ճրագը ձեռին յայտնուեցաւ սեամի վրայ:

- Դու բոլորովին թրջուած ես, - ասաց նա մի առանձին հոգատարութեամբ, - ներս համեցիր, ես իսկոյն կրակ կը վառեմ, քո հագուստը չորացրու:

- Շա՜տ շնորհակալ եմ քո բարեսրտութեան համար, - պատասխանեց ուղեւորը, - բայց ես կը խնդրէի քեզանից ընդունել ձեզ մօտ, որպէս հիւր, իմ ձիուն միայն:

- Ինչո՞ւ քո ձիուն միայն, - հարցրեց դռնապանը զարմանալով:

- Նա կաղում է, վնասել է ոտքը... իսկ ես պէտք է շարունակեմ իմ ճանապարհը:

- ոնէ ներս մտիր, մի փոքր տաքացիր, ես իսկոյն կրակ կը վառեմ:

- Չեմ կարող... ես շտապում եմ... պատասխանեց ուղեւորը եւ մօտեցաւ ճրագին:

    Նա ծոցից հանեց իր սանդրը, որ կիսալուսնի ձեւ ունէր, շինուած էր գոմէշի եղջիւրից, եւ, ցոյց տալով դռնապանին, ասաց.

- Ճանաչի՛ր այդ սանդրը, մի կողմի երկու ատամները կոտրած են, եթէ ես չվերադարձայ, ով որ քեզ ցոյց տալու լինի, ձին նրան կը յանձնես:

- Իսկ դու ո՞վ ես, - հարցրեց դռնապանը, փոքր ինչ կասկածելով:

- Ես զինուոր եմ... պատասխանեց ուղեւորը:

    Դռնապանը բաւականացաւ ուղեւորի անորոշ պատասխանով, որովհետեւ այդ տագնապալի ժամանակներում զինուորի հետ շատ հեռուն գնալ՝ փոքր ինչ դժուար էր:

    Ուղեւորը բաց արեց ձիու թամբին կապած ճանապարհորդական թեթեւ խուրջինը, ձգեց իր ուսին եւ, “բարի գիշեր” ասելով, հեռացաւ:

    Դռնապանը, ճրագը ձեռին, դեռ կանգնած սեամի վրայ, ապշութեամբ նայում էր նրա ետեւից, մինչեւ անյայտացաւ գիշերային խաւարի մէջ: Քամու մռնչիւնը խլացրեց նրա վերջին քայլերի ձայնը:

    Հեռանալով վանքից, ուղեւորը բռնեց այն ճանապարհը, որ տանում էր դէպի Ողական ամրոցը: