“ՍԱՄՈՒԷԼ”

Պատմական Վէպ (364-400).
1888

( հատուածներ )

Ա . Ի Ր Ք

1. Երկու սուրհանդակները
2. Տարօնի առաւօտը
3. ուժկան
4. Մի աղօտ միտք ծագում է նրա մէջ
5. Մայր եւ որդի

 

4. ՄԻ ԱՂՕՏ ՄԻՏՔ ԾԱՈՒՄ Է ՆՐԱ ՄԷՋ  

Սամուէլը կրկին մտաւ իր ընդունարանը։

   Այս առաւօտ այդ կոկիկ, ընդարձակ սենեակը, կարծես, խեղդում էր նրան։ Նա մօտեցաւ լուսամուտին, ետ քաշեց ծանր կերպասեայ վարագոյրը եւ բացարեց փեղկերից մէկը, որ փոքր ինչ թարմ օդ ներս թողնէ։ Յետոյ բացարեց դռները սպասաւորի համար։ Սպասաւորի փոխարէն ներս մտաւ նրա գեղեցիկ, ոսկեգոյն բարակը։ Այդ խելացի անասունը, կարծես, նախասենեակում սպասում էր դռների բացուելուն։ Նա այն աստիճան քնքուշ եւ նրբակազմ էր, որ դրսից կարելի էր բոլոր կողքերը համարել։ Երկար պարանոցի վրայ կրում էր արծաթեայ օղամանեակ։ Նա մօտեցաւ եւ, կանգնելով ետեւի թաթիկների վրայ, առջեւի թաթիկները բարձրացրեց, դրեց իր տիրոջ կուրծքի վրայ, եւ մի առանձին քաղցրութեամբ նայում էր նրա երեսին, աշխատելով գուշակել, թէ ինչո՛ւ էր նա այնքան տխուր։ Երիտասարդը ձեռքով փայփայեց նրա սիրուն գլուխը, երկար ականջները, նուրբ դունչը, եւ բարակը մխիթարուելով այդ փաղաքշանքից, ցած թողեց թաթիկները, հեռացաւ սենեակի մի անկիւնում եւ այնտեղ պառկեց, չդադարելով իր հեզ աչքերով հետեւիլ, թէ որպէս իր սիրելի տէրը՝ դանդաղ, անհաւասար քայլերով՝ շարունակում էր անց ու դարձ անել սենեակի մէջ։

   Նրա սիրտը ալէկոծութեան մէջ էր. երիտասարդական ջերմ արիւնը եփ էր գալիս նրա մէջ։ Որքան մտածում էր գալոց աղէտների մասին, այնքան չարիքը իր բոլոր զարհուրանքներով մեծանում էր նրա աչքում։ Հայաստանը մնացել էր բոլորովին անտէր եւ անպաշտպան։ Հայոց Արշակ թագաւորը, երկաթի շղթաների մէջ, հեծում էր Խուժաստանի Անյուշ բերդում։ Հայոց թագաժառանգը, Պապը, իր կնոջ՝ Զարմանդուխտի եւ երկու որդիների՝ Արշակի եւ Վաղարշակի հետ, պահուած էին Կ. Պոլսում։ Թագաւորին աքսորել էր պարսից Շապուհ արքան, իսկ թագաժառանգին կալանաւորել էր յունաց Վաղէս կայսրը։ Հայաստանի քահանայապետը, հայրենիքի հզօր պաշտպանը, Ներսէս մեծը, նոյն կայսրի հրամանով աքսորուած էր Պատմոս անբնակ կղզում։ Հայաստանը մնացել էր անտէր։ Նրա երկու պաշտպանները - թագաւորը եւ քահանայապետը - չկային ։ Յունաց կայսրը մէկ կողմից, պարսից արքան միւս կողմից, երկու անյագ վիշապների նման, բերանները բացարած, մաքառում էին միմեանց հետ, թէ ո՛րը աւելի շուտ կը կլանէ անտէր մնացած երկիրը…

   Այդ ցաւալի մտածութիւններն էին, որ ալէկոծում էին երիտասարդի սիրտը եւ նա սոսկալով տեսնում էր իր հայրենիքի մեծ տագնապը - նրա մօտալուտ օրհասը…

   Միւս կողմից, տեսնում էր նա հայոց նախարարների մէջ երկպառակութիւն. ոմանք ցանկանում էին ընդունել յունաց գերիշխանութիւնը եւ հարկատու լինել յոյներին, իսկ ոմանք ցանկանում էին ընդունել պարսից գերիշխանութիւնը եւ հարկատու լինել պարսիկներին։ Հայրենիքի անկախութիւնը սիրող եւ նրա ինքնակայութեանը նուիրուած նախարարները տառապում էին անհնարին յուսահատութեան մէջ, թէ ի՛նչ միջոցով ազատեն հայրենիքը անդառնալի կորուստից։ Չկար մէկը, որ նրանց մէջ համաձայնութիւն կայացնէր։ - Չկար թագաւորը, չկար քահանայապետը…

Կային դաւաճաններ ։

   Եւ այդ դաւաճանները հայոց երկու ամենահզօր նախարարութիւնների ներկայացուցիչներն էին՝ - Վահան Մամիկոնեանը եւ Մերուժան Արծրունին։ Մէկը երիտասարդի հայրն էր, միւսը երիտասարդի մօրեղբայրն էր… Երկուսն էլ ուրացել էին քրիստոնէութիւնը, երկուսն էլ ընդունել էին պարսից կրօնը եւ Շապուհ արքայի ձեռքում դարձել էին մի սոսկալի զէնք, ոչնչացնելու ամէն ինչ, որ սուրբ էր, որ նուիրական էր Հայաստանում…

   Այդ սարսափեցնում էր երիտասարդին եւ միեւնոյն ժամանակ նրա սիրտը լցնում էր մի անբացատրելի կատաղութեամբ։ - “Մոգերով ու մոգպետներով է գալիս իմ հայրը”… մտածում էր նա խորին դառնութեամբ, - եւ իր հետ բերում է, որպէս օգնական պարսից զօրութիւնը… գալիս է ոչնչացնելու մեր եկեղեցիները, մեր դպրոցները, մեր դպրութիւնը… գալիս է պարսկացնելու մեզ… Նա գալիս է ձեռք ձեռքի տուած Մերուժանի հետ… Թագաւորութիւնը սպանեցին, այժմ պէտք է սպանեն ազգութիւնը, կրօնը… Մենք այսուհետեւ պէտք է պարսկերէն խօսենք եւ պարսկերէն աղօթենք… Եւ իմ հայրը մի այդպիսի եղեռնագործութեան պէտք է մասնակից լինի, յաւիտենական նզովք դնելով Մամիկոնեանների տոհմի վրայ…

   Նրա վարդագոյն շրթունքները բոլորովին գունաթափուեցան, ծնկները դողացին, աչքերի առջեւ մթնեց եւ հազիւ-հազ կարողացաւ իրեն հասցնել գահաւորակի մօտ, եւ ծանրացած գլուխը բաց թողնել բարձերի վրայ։ Երկար նա, երկու ձեռքով գլուխը բռնած, գտնուում էր մի տեսակ տենդային շփոթութեան, մի տեսակ հիւանդոտ այլայլութեան մէջ։ Մթին մառախուղի նման՝ անորոշ մտքեր պտտուում էին նրա բորբոքուած երեւակայութեան մէջ։ Յանկարծ ցնցուեցաւ նա, եւ կրկին վեր թռաւ պառկած տեղից, ինքն իրեն խօսելով.

- “ Մամիկոնեանը ծնում է դաւաճաններ… Մամիկոնեանը ծնում է եւ հերոսներ… Երբ իմ հօրեղբայր Վարդանը արքայազն Տիրիթի հետ ապստամբուեցան մեր Արշակ թագաւորի դէմ եւ դիմեցին պարսից Շապուհ արքային, - դարձեալ իմ հօրեղբայր Վասակն էր, որ գնաց նրանց ետեւից եւ, ճանապարհին բռնելով, սպանեց թէ՛ Տիրիթին, եւ թէ՛ իր եղբօրը… Նրա ձեռքը չդողաց թափել իր հարազատի արիւնը, որ դաւաճանում էր իր թագաւորին եւ իր հայրենիքին… Իսկ ե՞ս ” …

   Վերջին խօսքը արտասանելու միջոցին, կարծես, նրա շրթունքները կրակով այրեցին, նա չկարողացաւ վերջացնել, կրկին ընկաւ գահաւորակի վրայ եւ, աչքերը բռնելով, սկսեց դառն կերպով հեկեկալ։ - “ Ա՜խ, հայր իմ… ա՜խ, հայր իմ ”… կրկնում էր նա եւ արտասուքը հեղեղի նման թափուում էր աչքերից։

   Նա սիրում էր իր հօրը, սիրում էր որդիական ջերմ, անկեղծ սիրով։ Բայց սիրում էր եւ իր հայրենիքը։ Նրա կրթութիւնը այնպիսի անձանց խնամքով էր կատարուել, որ պատրաստել էին նրանից մի անձնանուէր որդի՝ նախ հայրենիքի, եւ ապա ծնողաց։

   Ընդունարանի դուռը բացուեցաւ, ուշիկ քայլերով ներս մտաւ մի պատանի, նայեց երիտասարդի վրայ եւ, սառածի նման, կանգնած մնաց պատի մօտ։

   Պատանին լաւ հագնուած սենեկային մանկլաւիկի տպաւորութիւն էր գործում։ Ծիածանի բոլոր գոյները կային նրա հագուստների վրայ. գունաւոր էր գլխի թեթեւ ապարօշը, որ թեք կերպով կապած էր թասակի վրայ, ծածկում էր աջ կողմի յօնքը, իսկ ձախ կողմի յօնքը ճակատի մի մասի հետ բաց էր թողած. գունաւոր էին նրա երկար, ոսկեայ գանգուրները, որ սփռուած էին ուսերի վրայ. գունաւոր էր բեհեզեայ գօտին, որ, խորշաւոր փաթոթներով մի քանի անգամ բարակ մէջքից անցնելուց յետոյ, անփոյթ վերջաւորութիւններով ծածանուում էր ծնկների վրայ. գունաւոր էր նրա բաճկոնակը, վարտիքը, որ մանր ծալքերով իջնում էր մինչեւ ծնկները եւ այնտեղ կապուած էր նոյնպէս գունաւոր սռնապաններով, եւ իր ծալքերի շարունակութեամբ ծածկում էր սռնապանները, իջնելով մինչեւ սրունքները։ ունաւոր էին եւ նրա նախշուն տրեխները, որ պատրաստուած էին գոյնզգոյն մետաքսեայ թելերից, եւ կատուի թաթիկների նման, ոտքերը գետնին դնելու ժամանակ ձայն չէին հանում։ Ձախ ականջին կրում էր արծաթեայ օղակ. դա արդէն նշան էր, որ նա իշխանական սենեակի սպասաւոր է։

   Նա դեռ ապշած նայում էր իր տիրոջ վրայ։ Նրա գեղեցիկ, խաժ աչքերը արտայայտում էին ե՛ւ զարմանք ե՛ւ հեգնութիւն։ Զարմանում էր, թէ ի՛նչ էր պատահել, որ նա այնպէս շուտ էր զարթնել եւ, առանց լուացուելու, առանց հագնուելու, դուրս էր եկել քնարանից։ Նա երբեք սովորութիւն չունէր այդքան վաղ վեր կենալու իր անկողնից։ Իր մտքում ծիծաղում էր, թէ իր միշտ ուրախ, միշտ զուարթ տէրը անպատճառ մի “փորացաւ” կ'ունենար, որ այդպէս տխուր էր, եւ, սգաւորի նման, ընկած էր երեսի վրայ, գլուխը չէր բարձրացնում։ Այդ բոլորը բացատրում էր նա իր տեսակէտից։

   Երբ նկատեց, որ իր վրայ ուշադրութիւն չեն դարձնում, եւ իր ներկայութիւնը զգալ տալու խորամանկութեամբ, կամաց մօտեցաւ բարակին եւ նրա ոտքը պինդ կոխեց։ Շունը մի օտարոտի հառաչանք արձակեց, որ նշան էր սաստիկ վիրաւորանքի։ Իշխանը գլուխը վեր բարձրացրեց, նայեց դէպի այդ կողմը։

- Յուսիկ , այդ դո՞ւ ես ։

- Այո՛ , տէր իմ , - պատասխանեց սպասաւորը, գլուխ տալով։

   Ժամանակի սովորութեան համեմատ, սպասաւորը ամէն ծառայութեան համար պէտք է իր տիրոջ աչքին երեւնար միայն. նա համարձակութիւն չունէր իր կողմից առաջարկութիւններ անելու, այլ պէտք է լուռ սպասէր տիրոջ հրամանին։ Այժմ նրա լուացուելու եւ հագնուելու ժամանակն էր։ Սպասում էր, արդեօք իր տէրը կը բարեհաճէ՛ր ջուր պահանջել։ Այդ մասին ոչինչ պատուէր չստացաւ պատանին. մտածեց փարատել իշխանի տխրութիւնը։

- իտէ՞ք, տէր իմ, այս գիշեր ի՛նչ է պատահել ամրոցում, - ասաց նա խորամանկ ժպիտով։

- Ի՞նչ է պատահել, - հարցրեց իշխանը։

- Մկները Պապիկի մօրուքի մի կողմը կրծոտել են։

   Ամրոցի ծերունի դռնապանի մասին էր խօսքը։

- Երէկ երեկոյեան, - շարունակեց պատանին, - նա օծուել էր, իւղուել էր, գնացել էր իր փեսային տեսնելու. այնտեղից հարբած եկել ու պառկել էր, գիշերը մկները մի լաւ ընթրիք էին անուշ արել նրա բարձերի վրայ…

   Իշխանը նայեց պատանու անհանգիստ, վառվռուն աչքերի մէջ եւ բարկութեամբ ասաց.

- Չարաճճի , այդ անպատճառ քո գործը կը լինի։

- Չէ՛ , Աստուած է վկայ։

- Իմ գլխովը երդուիր ։

   Պատանին կարմրելով կանգ առեց։

- Տեսնո՞ւմ ես, անպիտան. միւս անգամ այդպիսի յիմարութիւն չանես։

   Կատակը անյաջող անցաւ։

- Ապա ի՞նչ անէի… ամօթից գլուխը քարշ ձգած մրմնջեց պատանին, - այնպէս հարբած եկել, քնել էր, գիշերը մարդ է մտնում ամրոցը, նա չէ զարթնում։

- Ի՞նչ մարդ, - հարցրեց իշխանը աւելի լուրջ կերպով։

- Մի սուրհանդակ. ես բաց արի նրա համար դուռը. նա ուղղակի գնաց տիկնոջ մօտ։

- Դու այդ ժամանակ արթո՞ւն էիր։

- Ես ամբողջ գիշերը չեմ քնել…

   Վերջին խօսքերը արտասանելու միջոցին պատանու դէմքը աւելի կարմրեցաւ։

- Երեւի “ նրա ” սենեակի շուրջը քծնուում էիր … , հարցրեց իշխանը աւելի մեղմ ձայնով։

- Ի՞նչպէս իմ տիրոջ առջեւ մեղքս ծածկեմ… այդպէս էր…

   Պատանին սիրահարուած էր իշխանի մօր աղախիններից մէկի վրայ եւ այդ գիտէր նրա տէրը։ Եւ նրա վարմունքը ծերունի դռնապանի մօրուքի հետ՝ այդ սիրահարութեան հետեւանքներից մէկն էր, որովհետեւ անհամբեր ծերունին շատ անգամ արգելք էր լինում պատանու գիշերային արշաւանքներին… Բայց իշխանը թողեց այդ խնդիրը եւ, խօսքը փոխելով, հարցրեց նրանից.

- Դու ճանաչեցի՞ր սուրհանդակին։

- Սատանայի պէս ։

- Ո՞վ էր ։

- Պարեխեցի Ոսկանն էր. նա որ իր կնոջը սպանեց եւ իր եղբօր կինն առեց. մեծ իշխանից նամակ էր բերել։

- Նա մնա՞ց տիկնոջ մօտ։

- Ոչ , նամակը յանձնեց, բաւական խօսեցին, յետոյ էլի մթնով դուրս գնաց։ Դուռը ես բաց արի։

- Այդ մասին լեզուդ լուռ կը պահես։

- Խուլ ու մունջի պէս։

   Այդ ուրախ, պարզամիտ պատանին ոչ սակաւ անգամ վանում էր իր տիրոջ թախծութիւնները նրա տխրութեան րոպէներում, եւ ոչ սակաւ անգամ իր ծիծաղաշարժ բանսարկութիւններով, որ սովորութիւն ունէր գործ դնել ամրոցի հասարակութեան մէջ, զուարճութիւն էր պատճառում նրան։ Բայց այս առաւօտ գոհ չմնաց իր վարպետութիւններից։ Նրա տէրը դարձեալ տխուր էր, դարձեալ գտնուում էր մի անսովոր, մռայլ մտախոհութեան մէջ։

   Նա սպասաւորից շատ բան չիմացաւ սուրհանդակի մասին, որքան ինքը գիտէր. միակ բանը, որ հետաքրքիր էր նրա համար, այդ այն էր, թէ ինչո՛ւ իր մայրը հեռացրել էր սուրհանդակին։ Ամէն անգամ, երբ պատահում էր սուրհանդակ ընդունել, նա սովորաբար կը մնար ամրոցում, այնքան ժամանակ, մինչեւ բերած նամակի պատասխանը կը ստանար, յետոյ կը գնար։ Իսկ այժմ ի՞նչն էր ստիպել իր մօրը թագցնել սուրհանդակին, եւ թագցնել ամրոցից տարակայ մի գիւղում։

   Նա դարձաւ դէպի սպասաւորը այս խօսքերով.

- Յուսիկ, եթէ սուրհանդակը միւս անգամ գալու լինի տիկնոջ մօտ, դու կարո՞ղ ես այդ իմանալ։

- Կարող եմ, - պատասխանեց պատանին վստահութեամբ։

- Ումի՞ց ։

- “ Նրանից ”, “ նա ” ամէն բան կ'ասէ ինձ։

   Խօսքը տիկնոջ աղախնի մասին էր, որ սաստիկ սիրում էր պատանուն։

- Կարո՞ղ ես իմանալ եւ ա՛յն, թէ սուրհանդակը ի՛նչ կը խօսի տիկնոջ հետ։

- Այդ էլ կարող եմ ։

- Ի՞նչ միջոցով ։

- “ Նրան ” կ'ասեմ, “ նա ” դեւի նման կը մտնէ մի ծակում, ականջ կը դնէ, յետոյ կը գայ բոլորը կը պատմէ ինձ։

- Բայց “ նա ” չպիտի գիտենայ, որ դու ինձանից պատուէր ես ստացել։

- Յուսիկը երեխայ չէ, նա այդ կարող է հասկանալ։

- Իսկ եթէ “ նա ” լեզուն չպահէ՞։

- “ Նա ” այնպիսի աղջիկ չէ. ես “ նրան ” կ'ասեմ ՝ բերանդ փակ պահի՛ր, եւ “ նա ” էլ չբացանի : ( = բաց չ'անի = բաց չի անի )

   Տիկնոջ մօտ եկած սուրհանդակը հասարակ մարդ չէր։

   Նա Տարօնի տանուտէրներից մէկն էր. նրա մասնաւոր խօսակցութիւնը տիկնոջ հետ՝ շատ բան կարող էր պարզել իշխանի համար, եւ այդ էր, որ հետաքրքրում էր նրան։

   Արեգակը արդէն բաւական բարձրացել էր հորիզոնի վրայ եւ իշխանի սենեակը լցրել էր ջերմ, ոսկեփայլ ճառագայթներով։ Նա ցած իջաւ գահաւորակի վրայից եւ հրամայեց պատանուն, որ լուացուելու ջուր տայ։

[ ... ]

   Սպասաւորը պատրաստուում էր նախաճաշիկ մատուցանել։ Այդ միջոցին դռները բացուեցան, ներս մտաւ մի մարդ, որ խորին կերպով գլուխ տալով, լուռ կանգնած մնաց ոտքերի վրայ։ Նրա լերկ, անմօրուս երեսից, որ պատած էր վաղահաս կնճիռներով, նրա հանգած, նեղ աչքերից, որ սեղմուած էին կարմիր կոպերի մէջ՝ առանց թերթերունքների եւ, վերջապէս, նրա դեղին ատամներից, որ դուրս էին ցցուած անգոյն շրթունքների միջից, իսկոյն երեւում էր, որ այդ մարդը ներքինի է։

- Ի՞նչ կայ , - հարցրեց իշխանը ։

   Ներքինին կրկին անգամ գլուխ տուեց, ասելով.

- Տիկինը հրամայեց յայտնել իմ տիրոջը, որ շնորհ բերէ նրա մօտ։

   Իշխանը ամբողջ մարմնով ցնցուեցաւ, բայց զսպելով իր տհաճութիւնը, պատասխանեց.

- Լաւ , ասա՛ , որ կը գամ ։

   Ներքինին դարձեալ գլուխ տուեց եւ հեռացաւ։