ՇԱՄԻՐԱՄ

Նորից՝ անմար կարոտով գգվանքների ու հրի՝
Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի:
Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի
Ցանկությունով հրահրած՝ անհագ վառվել են էլի:
Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,
Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան:
Ա՛յլ է աշխարհը հիմա, ա՛յլ է հիմա Նաիրին.
Ո՛չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին:
Մտի՛ր ակումբը հիմա, մտի՛ր թատրոնն ու կաֆեն՝
Հազա՜ր արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ:
Ո՛չ վեճ է էլ հարկավոր, ո՛չ պատերազմ մահառիթ.
Արքաների համար նոր -բավական է մի ժպիտ.-
Միայն ակնարկ մի թեթեւ- եւ կտրվեն նրանք քեզ,
Քո հմայիչ ու անթեւ տարփանքներին հրակեզ:-
Կգան մեկ-մեկ ու սիրով- ու կտանջես նրանց դու
Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու:
Եվ այնպիսի՜ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ,
Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ:
...Բայց կլինի մի գիշեր- ու հմայքով նաիրյան
Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան:
Նորի՜ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի -
Ու սարսափով մի անօգ՝ նորից կելնես դու կռվի:
Եվ որպեսզի չտրվի նա ախտաժետ քո հրին -
Ոտքի կելնե նրա հետ հազարամյա Նաիրին:
Եվ դաշտերում Նաիրի կպարտվի նորից նա,
Կնահանջե զորքը ետ, երկիրը քեզ կմնա:
Նա կմեռնի, որպես զոհ - բայց չե՛ս հաղթի դու նրան.
-Դա՛ռն է խորհուրդը սիրո, շամբշոտաշո՛ւրթ Շամիրամ...