Ե՛ս եմ հիմա
- մի պոետ. եւ
իմ անունը
- Չարենց -
Պիտի վառվի
դարերում,
պիտի լինի
բա՜րձր ու
մեծ:
Ես եկել եմ
դարերից ու
գնում եմ հաղթական
Դեպի դարերը
նորից՝ դեպի
վառվող Ապագան:
Ի՞նչ է ուզում
ինձանից կապույտ
մորմոքը հրի.
Ի՞նչ է ուզում
քո հոգին, հազարամյա
Նաիրի՛:
Եվ ինչո՞ւ
ես դու փռել
իմ դեմ քո բույրը
բոլոր
Եվ իմ մորմոքը
վառել թախիծներով
ահավոր:
Եվ ինչո՞ւ
է իմ առաջ ելել
աղջիկը քո
հին՝
Բորբ աչքերով
իր կանաչ ու
հմայքով իր
դեղին:
Ուզում է մե՜րկ
լինեմ ես, ու
անսփոփ, ու
անօգ,
Որպես մեռել
մի հրկեզ. որպես
կորած մի մանուկ:
Եվ չարձակած
ո՛չ մի նետ՝
անկումների
սարսափից,
Ես փախչում
եմ ահա ետ -ես
նահանջում
եմ նորից:
Եվ աչքերս,
որոնց դեմ
կանգնել է
բիլ մի նկար
-
Նորի՜ց հառնում
են դեպի ամբոխները
խելագար:
Նրանք ելել
են նորից, նրանք
շատ են, նրանք
վառ,
Ու ավերե՜ն
պիտի ձեր քաղաքները
լուսնահար:
Ո՛չ մի հմայք
էլ պիտի ձեր
աշխարհը չունենա՝
Նրա տեղ մահ
ու ավեր, վերք
ու մոխիր կմնա:
Ու չի ելնի
մոխիրից տխուր
հմայքը ձեր
տան,
Ու չի լինի
էլ սիրո քաղցր
ու կապույտ
ձեր շղթան:
Չեն վառվելու
տռփակեզ կանանց
աչքերը էլ
ձեր,-
Նրանք մոխի՜ր
կդառնան, չե՜ն
բորբոքվի նրանք
էլ:
Եվ չի՛ հիշի
ո՛չ մի սիրտ,
որ դարերի
մեջ մի օր
Սիրտս եղել
է գերի անկումներին
ահավոր:
Որ եղել է դարերում
մի սարսափի
նման կին,
Որը նետել
է հեռու աստղանկար
իմ հոգին:
Նրանք կգան,
կավերեն, - չի
մնա էլ ոչինչ՝
Ո՛չ դրախտը
ձեր գեհեն,
ո՛չ թախիծը
ձեր դյութիչ:
Եվ չի լսի ո՛չ
մի կին իմ անկումի
մասին այս,
Որ դարձրեց
իմ հոգին թարախակալ
մի երազ:
Եվ չի մատնի
ո՛չ մի բառ
շնչում իմ
տոթ երգերի,
Որ եղել եմ
ես տկար, որ
եղել եմ ես
գերի...
Ես պոետ եմ
- եւ հիմա իմ
վառ երգերը
պիտի
Դեպի գալի՜քը
թռչեն սլաքների
պես նետի:
Ես եկել եմ
դարերից ու
գնում եմ, հաղթական,
Դեպի դարերը
նորից, դեպի
կարմիր ապագան...
1920