Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՝

Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՝
Ի՜նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին:
Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՜ւշ է քո բառը, ասին:
Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:
Եվ սրտի ցավից հուսահատ՝ ես մե թաս օղի խմեցի -
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին:
Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.-
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:
Ասի` թե մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն, համառ է, ասին:
Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ.-
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին: