Աշուն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր

Աշուն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր,-
Թախիծը թվում է սպեղանի, խնդությունը թույն է արդեն:
Օ, երազն այս, երազն այս պատիր, այս ցնորքը մի՛շտ գրավիչ.-
Բայց դժվար թե նա ազատի քեզ գերող անդուռ այս ցավից...
Սեղանիդ նկարն այդ գունատ, սեղանիդ վարդերն այդ դեղին -
Ու հուշերն, հուշերն այդ թունոտ,-ու չկա ոչ մի ուղի...
Նա գնաց, անդարձ այդ ցնորքը, այդ ուրուն քո մտերիմ,-
Բայց իր մութ շիրիմի խորքից դեռ երկա՜ր քեզ կգերի...
Կգերի ու քեզ կասի, որ գնա՜ց կյանքը արդեն,-
Աշունն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր...
1928-19-V