ԵՐԵՎԱՆԻ ԲԱՐԲԱՌԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

ՀՀ ԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

Հայկանուշ ՄԵՍՐՈՊՅԱՆ

բան. գիտ. թեկնածու

Բարբառագիտական գրականության մեջ Արարատեան բարբառ լեզվաբանական եզրը հայտնի է նաև Երևանի բարբառ անունով: Այն հայոց լեզվի հնագույն տարբերակներից է: Արևելյան բարբառախմբի -ում ճյուղի այս բարբառը անցել է զարգացման բավականին երկար ուղի: Երևանի բարբառի առաջին վկայությունը գտնում ենք 13-րդ դարում, Վարդան Բարձրաբերդցու մոտ։ Նա գրում է. “Ամենու սիրտն հետ քեզ լաւ են, եւ քեզ աղօթք են առնում” Երևանի բարբառով է գրված նաև 17-րդ դարի վաճառական Զաքարիա Ագուլեցու “Օրագրությունը”: Ագուլեցի հեղինակը խուսափել է բավականին խրթին մայրենի բարբառով գրելուց և նախընտրել է հանրությանը առավել հասկանալի Երևանի բարբառը՝ չնայած նրա խոսքը զերծ չէ Ջուղայի և Ագուլիսի բարբառների ազդեցությունից: Արարատյան բարբառի առաջին գրավոր աղբյուրներից են նաև 1675 թ. Մարսելում հրատարակված “Արհեստ համարողության” և 1687 թ. Վենետիկում լույս տեսած “Պարզաբանություն” աշխատությունները:

Արարատյան բարբառը դարեր շարունակ եղել է Այրարատ, ուգարք նահանգների, նաև հարակից վայրերի բնակչության հիմնական մասի հաղորդակցության միջոցը: Այս բարբառով են խոսել Արևելյան Հայաստանի կենտրոնական մասում, Նախիջևանում, Աստապատում, աբեղեանքում (Կաղզվան), Ճակատքում (Սուրմալու), Խանլարում, Շահումյանում և այլուր: Արարատյան բարբառով խոսող բնակավայրեր կան Վրաստանի Մառնեուլի շրջանում:

Հետագայում բազմաթիվ գաղթեր պատճառ են դարձել նշված տարածքներում նաև այլ բարբառներով խոսվելու: Բնակչության տեղաշարժերը, Շահ-Աբասի մեծ գաղթը, այնուհետև 1827 թ. ռուս-պարսկական պատերազմները փոփոխում են բարբառի տարածման սահմանները՝ մեծ հետք թողնելով բարբառի վրա:

Ներկայումս Արարատյան բարբառը, Ղարաբաղի և Պոլսի բարբառների հետ ամենից շատ խոսվող բարբառներից է: Այն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության բազմաթիվ բնակավայրեր՝ Աշտարակի, Էջմիածնի, Արմավիրի, Նաիրիի, Կոտայքի շրջանները: Արարատյան բարբառի խոսվածքների ամենամեծ տարածքն ընդգրկում է Լոռին:

Մինչև վերջերս բարբառագիտական գրականության մեջ ընդունված էր Արարատյան և Ջուղայի բարբառների միջակա Վայոց ձորի խոսվածքներից մի քանիսը ևս համարել Արարատյան բարբառի ենթաճյուղեր: Արդի բարբառագիտության մեջ այդ խոսվածքները միավորվում են որպես Վայոց ձորի միջբարբառ:

Բջնին, Արզականը, Ալափարսը Հրազդանում և եղամավանը, Դդմաշենը, Ծաղունքը Սևանում նույնպես մտնում են Արարատյան բարբառի սահմանների մեջ: Ընդհանուր առմամբ Արարատյան բարբառով հիմնականում խոսում են նրանք, ում հաջողվել է բնօրրանում մնալ: Շահ-Աբասի տեղահանությանը ենթարկվածներից շատերը, Պարսկաստանում չեն մոռանում մայրենի բարբառը, 400 տարի հետո ներգաղթում են Հայաստան և բնակություն հաստատում Արարատում, Նոր Կյանքում, Մուսալեռում, Արևիկում և այլուր՝ ընդարձակելով Երևանի բարբառի սահմանները:

Ըստ Հր. Աճառյանի՝ այս բարբառի մեջ են մտնում Բայազետի եւ Թավրիզի ենթաբարբառները:

Այսպիսի ընդարձակ տարածք ընդգրկող բարբառը, բնականաբար, միատարր լինել չի կարող: Նման լինելով ձևաբանությամբ, այդ խոսվածքները տարբերվում են հնչյունական համակարգով: Հոկտեմբերյանի շրջանում խոսվում են Երևանի բարբառի տարբեր բաղաձայնական համակարգ ունեցող խոսվածքներ՝ երկաստիճան ձայնեղազուրկ՝ բ>պ, պ, փ (Արգավանդ, Արմավիր), եռաստիճան՝ բ, պ, փ (Այգեշատ, Տանձուտ, Վարդանաշեն, Նալբանդյան) և քառաստիճան՝ բ՚, բ, պ, փ (Արազափ, Հայկավան, Մարգարա, Նոր Արտագերս): Երկաստիճան ձայնեղազուրկ բաղաձայնական համակարգ ունեն նաև Երևանի, Քանաքեռի, Կոնդի, Ջրվեժի, Առինջի, Մեղրուտի, Բզովդալի, Սպիտակի, Նախիջևանի, եռաստիճան են Էջմիածնի, Ստեփանավանի, քառաստիճան՝ Ալավերդու, Նոյեմբերյանի խոսվածքները:

Երևան քաղաքի խոսվածքը Արարատյան բարբառի հիմնական խոսվածքն է: Ընդունված է ասել, որ Քանաքեռի, Առինջի, Ջրվեժի, Նորք և Կոնդ թաղամասերի հիմնական բնակչությունը բնօրրանի ժողովուրդներն են և նշված վայրերում առավելապես մաքուր է պահպանվել Արարատյան բարբառը:

Երևանի խոսվածքի հիմնական օրրանը Նորքն է (= “նորատունկ այգի”, սեռ.՝ Նօրքա), որ հիմա համարվում է Երևանի թաղամասերից մեկը: Մինչև 20-րդ դարի 30-ական թթ. այն համարվում էր Երևանից դուրս գտնվող առանձին մի գյուղ: 1920 թ. հեղափոխությունից հետո ուներ առանձին գյուղխորհուրդ և քաղաքի՝ Շըհարի հետ կապվում էր նեղլիկ ու դժվարհաղթահարելի մի արահետով: Նորքի խոսվածքն ու բանահյուսությունը ժամանակին բավականին տարբերվել են քաղաքի խոսվածքից ու բանահյուսությունից: ՀՀ ԱԱ լեզվաբանության ինստիտուտի բարբառագիտության բաժնի հավաքած բարբառային նյութերի մեջ կա Նորքի խոսվածքի կարևոր առանձնահատկություններն ամփոփող առանձին տետր (Ն 79)՝ “Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ծրագրին” համապատասխան գրանցումներով:

Ըստ տետրի գրառումների՝ խոսվածքին բնորոշ հնչյունական, ձևաբանական և քերականական հիմնական իրողություններից են.

ա) Բարբառին բնորոշ են ձայնավորների և երկհնչյունների հնչյունափոխությունները. ա>է (Կընգան զիսկ առավ, համա էրծաթից էր:), միաժամանակ ա>ը և ա>է (կըչէղագ,), ա>է և ու>ի (աշկալիսէնք), ա>ի և ա>օ (վարթիվօր), ե>ի (Վառիգը հավի մի տարէկան ճուտն ա:), ե>ը, ե>0 (ըղունգ-ղընգնէր), ի>ա (ակիշ>աքաշ, Տաշտի խըմօրը քերըմ են աքաշօվ:), ե>ու (ծնէփուգ), ո>ու (Հուպուպը կըլխին սանդըր ունի:), ու>ը (թըթըմ՝ “դդում”, ուռց-ըռցօվ չայ) այ>է (ծէր, էքնաֆօ՛ղէք,), այ>ի (իքի), ոյ>ի (սառույց-սառից, կապիտ), իւ>ի (ծին, սին, ալիր, հարիր), իւ>ու (հուսել) և այլն:

բ) Բառասկզբում առկա է բ, գ, դ, ձ, ջ ձայնեղների խլացում, այսինքն՝ պ, կ, տ, ծ, ճ (Ամբը կօռըմ ա: Մի պուտ ճուր: Ըրէխէն նըստած էր կէյնին: Կըտրի վրա ծին ա տըրէլ: Հէրթիկիցը ծուխ էր պանցրանըմ: Նըհախ փըշտէցիր “իզուր կոպտեցիր”: Ծըմէրուգ, տէխց, և այլն): Երևանի խոսվածքի Քանաքեռ, Առինջ, Ջրվեժ, Պտղնի թաղամասերի խոսվածքները ևս բառասկզբում ձայնեղների դիմաց ունեն խուլեր, ինչպես՝ կարուն, ճուր, ծօր, պանցըր և այլն:

գ) Միջձայնավորային դիրքում և բառավերջում խուլ հնչյունների ձայնեղացում՝ պ>բ, կ>գ, տ>դ, ծ>ձ, ճ>ջ (Ղուգաս, Ըռափիգ, անգաջ, զադիգ, պազուգ, ճախարագ, փափըգանալ՝ “փափկել”, փըսագվէլ և այլն: Օջօրքը ֆօղ էր թափըմ: Թունդըրի ագը փագի: Կընդի նման ծաղըգներ):

դ) Պ, կ, տ, ծ, ճ խուլերի շնչեղ խլացում բառասկզբում և բառամիջում (քըշէռք, ա՛նէցկ, Ախչըգան փըսագէց, լավ պաժինք տըվէց): մբեթ, գտնել և այլ բառերի բառասկզբի գ ձայնեղ բաղաձայնը նույնպես վերածվել է շնչեղ խուլի՝ քումբեթ, քըթնէլ և այլն:

ե) Բառասկզբում խ խուլ բաղաձայնի դիմաց հ հագագ և հակառակը՝ հ-ի դիմաց խ (Ախչիգը տիկին էր հաղ անըմ: Խարփըխի վախտը փըռըշտըմ էն):

Քերականական կարևոր առանձնահատկություններից է անկատար դերբայի ոչ թե ում-ով, այլ ըմ-ով կազմությունը (մընըմ, կառթըմ, կըրըմ) և է օժանդակ բայի ա հնչյունական զուգաբանության կիրառությունը (Ցօրնի ու կարու չօր ցօղէրը կօչվըմ ա ցօղ (=ծղոտ), Մատէրըս կուցումէլ ա (=ցրտից կուչ գալ):

Երևանի խոսվածքում շեշտը վերջընթեր վանկի վրա է, օրինակ՝ զա՛դիգ, ծառզա՛րթար, քա՛վօր, նավասա՛րդվա օր՝ “նոր տարի”, տէրտէրա՛գին և այլն:

Բարբառային բառապաշարի դիտարկումը ևս հանդես է բերում որոշակի հետաքրքիր իրողություններ: Ընդհանուր հայերեն հիմնական բառաֆոնդից, օտար լեզուներից կատարված փոխառություններից և բարբառային բառերից բացի բառապաշարի մի ուրույն շերտն են կազմում գրական և կրոնական փոխառյալ բառերն ու արտահայտությունները, որոնց էլ հարկ ենք համարել անդրադառնալ: Դրանք հանդես են գալիս բարբառին բնորոշ համակարգային փոփոխություններով: Ինչ խոսք, այդ բառերից մի մեծ խումբ աթեիզմի պայմաններում մոռացության է մատնվել: Չի բացառվում, որ քրիստոնեության վերազարթոնքի հետ այդ բառերի մի մասը կրկին մտնի ակտիվ բառապաշարի մեջ:

Օրինակներ՝

Բերանփակեք՝ “Բուն բարեկենդանի կիրակի երեկոյան կատարվող առտնին հանդես, երբ գերդաստանի բոլոր անդամները հավաքվում են գերդաստանի մեծի՝ պապի օրհնությունն առնելու և բերանները փակելով դիմավորելու Մեծ պահքը”, թափուր՝ “Վարդավառի տոնին խնձոր խորովելու արարողությունը”, չիք, չիք չորեքշաբթի՝ “ավագ չորեքշաբթի օրը”: Համաձայն հին հավատալիքի՝ այս օրը վաղ առավոտյան երկու քար են վերցնում և իրար վրա դրած ծեծելով ասում. “Աղամ, աղամ, մուկն աղամ, կարիճն աղամ, լուն աղամ” և այլն: Բոլոր վնասակար անասուններն ու միջատները թվարկելով՝ հույս են փայփայում, որ նրանց հասցրած վնասներից պիտի զերծ մնան:

Հորթաթող՝ “հիսնական պահոց շաբաթ օրը, երբ ցրտերն սկսված լինելով՝ այս օրվանից այլևս հորթերը դրսում չեն արածեցնում”:

Ողջունաքիր//ողջունախպէր՝ “քույր ու եղբայր դարձած մտերիմներ, որոնք ուխտում են հավիտենական բարեկամություն անել. դրա համար Զատկի առավոտյան՝ սուրբ սեղանի առջև մյուռոնաջուրը ափով իրար են խմեցնում և դրանից հետո այսպես են կոչում միմյանց”: Ախար-կիրակի՝ “Զատկի կիրակի օրը”: Լուսավորչի քամի՝ “ամռանը կեսօրվա տապից հետո երեկոյան կողմ փչող սաստիկ քամին”:

Կրոնական բառերը դիտարկելիս նշված հնչյունափոխություններից զատ կարելի է նկատել հնչյունափոխական հետևյալ առանձնահատկությունները.

ա) րական և կրոնական որոշ բառերի սկզբում ավելանում է հ հագագը, օրինակ՝ հափեղա, հօռթում և այլն: Տեղի է ունենում ր բաղաձայնի անկում հ կոկորդային շփականից առաջ՝ օխնէլ, ջ՚րօխնէք, հ-ի անկում ս շփականից առաջ՝ պաս, պասակեր՝ “պահք չպահող”, պասշնորհավորէք՝ “Մեծ պահոց երկուշաբթի օրը միմյանց շնորհավորելը”:

բ) Ձայնավորների առնմանում և տարնմանում՝ երիցակին-իրիսկին, կաթաղագօս, յեպիսկապօս//յէբիսկաբոս և այլն:

Կրոնական բառերի ոլորտում հատկապես հաճախադեպ են “խաչ”, “ժամ”, “պաշտում” և այլ բառերով կազմությունները: Օրինակ՝ խաչահամ-բույր՝ “հոգևորականին տրվող դրամը՝ իբրև խաչը համբուրելու գին”, խաչախպէր՝ “փե-սային ընկերակցող երիտասարդ, որ պսակադրության ժամա-նակ կանգնում է կնքահոր կողքին և հարսանիքի ժամանակ պատվում է հարս-նևորներին”, խաչագող՝ “սուտ բարեպաշտ ձևանալով՝ անգամ սրբությունները գողացող, խաբեբա”, խաչքավոր՝ “երկուստեք կնքահայրեր, փոխադարձաբար իրար կնքահայր”, երեսին խաչ քաշել՝ “խաչակնքել”, ո՞ր խաչիցն ա՝ “այդ ինչ անսպասելի բան էր”, Ժամ անել՝ “ննջեցյալի հոգու համար աղքատներին հաց բաժանել”, ժամեժամք՝՝ “ժամերգության պահ, արևը մայր մտնելուց հետո, ճրագալույց”, ժամուց՝ “եկեղեցական արարողության համար քահանային իբրև վարձ տրվող գումարը”, պաշտումահաց [հոգու հաց, քէլէխ]՝ “հոգեհաց”, պաշտումեց՝ “ժամարարին տրվող դրամական վարձատրություն” և այլն:

Կրոնական բառապաշարը ի հայտ է բերում իմաստաբանական տարբեր դրսևորումներ՝ ա) փոխանունություն և համըմբռնում. սևագլուխ (նխտ.)՝ “կրոնավոր, հոգևորական”, սպիտակագլուխ՝ “գլուխը սպիտակ փաթթոց կապած մահմեդական կրոնավոր, ախունդ, մոլլա”, բ) բառիմաստի նեղացում և մասնավորում. վօխճանվէլ՝ “մեռնել, որ ասվում է միայն կրոնավորների մասին”, վարպետ՝ “մայրապետ, կույս”, փոքրավոր՝ “եկեղեցական ծեսի ժամանակ կրոնավորի կողքին գտնվող երիտասարդ սպասավոր”, օրենք՝ “սուրբ հաղորդություն”, թուրք՝ “անհավատ”, ծաղկաքաղ, “Համբարձման տոնին՝ չորեքշաբթի օրը հանդիսավոր կերպով դաշտ գնալով՝ վիճակի համար ծաղիկ քաղելու արարողությունը”, մասնավորվիլ՝ “սուրբ հաղորդություն ընդունել” և այլն:

Բազմաթիվ կրոնական բառեր ձեռք են բերել փոխաբերական իմաստ: Օրինակ՝ աստված՝ “1. ամենակարող, 2. շատ սիրելի, թանկագին”, սուրփ՝ “ազնիվ”, վանք՝ “շատ հարուստ վայր կամ տուն”, հըրէշտակ՝ “մաքրասիրտ”, տաճար, խօրան՝ “սրբազան, հոգեհարազատ վայր”, մէռօն, նըխշարք՝ “թանկագին, նվիրական բան” և այլն:

Արարատյան բարբառի տարածման լայն սահմանները, հարուստ բառապաշարը, հնչյունական համակարգի գրաբարատիպ լինելը նրան առանձնակի կարգավիճակ է շնորհել: Արարատյան բարբառի հիմքի վրա է զարգացել արևելահայ գրական լեզուն: “Արարատյան բարբառը ստացել էր գերակշռող դիրք և պատմական, աշխարհագրական ու լեզվական պատճառներով դարձել միջբարբառային ընդհանուր հաղորդակցության միջոց” (. Ջահուկյան, “Հայոց լեզվի զարգացումը և կառուցվածքը”, էջ 55): Արարատյան բարբառը հղկել և աշխարհաբարացրել են Մեսրոպ Թաղիադյանը, Լազարյան, Ներսիսյան, Շուշիի ճեմարանների նշանավոր սաները՝ ևորգ Ախվերդյան, Քերովբե և Ռափայել Պատկանյաններ, Ոսկան, Շիրին և այլն: Ինչպես հայտնի է, Արարատյան բարբառը իր կատարելությանը հասցրեց Խաչատուր Աբովյանը:

Լեզվական զարգացման ներկա փուլում Երևան քաղաքի խոսվածքը ներ-կայացնում է լեզվական համասեռ մի իրավիճակ, որը լիովին կրել է գրական արևելահայերենի զորեղ ազդեցությունը (տե՛ս “Ընդհանուր և հայկական բառագիտություն”, Երևան, 1984, էջ110-111): Արդյունքում ստացվել է ժողովրդախոսակցական մի լեզվավիճակ, որը բավականին թվով տարբե-րութ-յուններ է ի հայտ բերում բարբառագիտական գրականության մեջ նկարագրված Արարատյան կամ Երևանի բարբառից:

Առաջին ակնհայտ տարբերությունը երկշարք ձայնեղազուրկ համա-կարգի փոխարինումն է գրական արևելահայերենին բնորոշ գրաբա-րատիպ եռաշարք բաղաձայնական համակարգով (բ, պ, փ): Մաքրվել է նաև բարբառային բառապաշարը: Բազմաթիվ բառեր, պարսկերեն, արաբերեն, թուրքերեն, ռուսերեն օտարաբանություններ մոռացվել են և գործածությունից դուրս մղվել: Օրինակ՝ կուդրագ՝ “արքադ, մաս, հատ”, փէղամբուրդասի “եգիպտացորեն”, ֆընդուղ՝ “կաղին”, խաղալագ “զամբյուղ”, զիսկ՝ “վզից կախվող զարդարանք”, շիբէք՝ “օրորոցից մեզը դուրս բերող փայտե խողովակ”, ճիճ (Մեղուն կըծեց, ճիճը մընաց մատիս մէչը), թութագ՝ “սրինգ” (Չօբանը թութագ էր ածըմ), առավօդ էնբաշտըն՝ “վաղ առավոտ”, ռաֆթ “սենյակում պատի մեջ երեսը բաց պահարան”, թամուզ՝ “մաքուր”, շըհար՝ “քաղաք” և այլն: Դրանց այսօր փոխարինում են գրականհայերենյան բարեհունչ տարբերակները: Երևանի խոսվածքն այսօր հաղորդակցության միջոց է նաև վերջին տասնամյակներում մայրաքաղաք և նրան հարակից բնակավայրեր փոխադրված բազմաթիվ բարբառախոսների համար: